«Սիրիայում մոտ ապագայում մեծ պատերազմ չի սպասվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Արա Պապյանը՝ հավելելով՝ մասնակի հրթիռային հարվածներ կլինեն, քանի որ Օբաման իրեն վատ վիճակի մեջ է դրել և իր հայտարարություններից հետո ոչինչ չանել չի կարող:

Ըստ քաղաքագետի՝ այն երկրները, որոնք նավթի արտահանմամբ են զբաղվում, շահագրգռված են Սիրիական պատերազմով և հակառակը: «Ցավալի է , որ մարդկային կյանքերը կախված են նավթից: Եթե Ադրբեջանի նավթը չլիներ, Ղարաբաղի հարցը վաղուց լուծված կլիներ»,- ասաց քաղաքագետը:
«ԱՄն-ն Մերձավոր Արևելքում երկու շահ ունի : Նախ՝ շրջանը համարվում է վառելիքային աղբյուր ԱՄՆ-ի համար: ԱՄՆ-ն տարեկան 4-5 միլիարդ դոլարի չափով վառելիք է ներմուծում: Միաժամանակ Միացյալ Նահանգները կրճատում են ներմուծումները Արևելքից, ինչը նշանակում է, որ 10-15 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ներգրավվածությունը կվերանա Մերձավոր Արևելքում»,-նշեց Արա Պապյանը:

Մյուս շահը կապված է իսրայելական լոբբիի հետ: Գաղտնիք չէ, որ հրեական լոբբին մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար: Մինչ տարածաշրջանից դուրս գալը ԱՄՆ-ը պետք է լուծի Իսրայելի խնդիրները: Իսկ տարածաշրջանում Իսրայելի խոշորագույն խնդիրը Իրանն է:
«Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Իրանը, Իրաքը և Սիրիան փոխըմբռման հուշագիր կնքեցին, ըստ որի Իրաք-Սիրիա-իրան գազամուղ կկառուցվի: Սա իհարկե  ձեռնտու չէ ԱՄՆ-ին»,- ասաց Արա Պապյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում՝ քաղաքագետը նշեց.«Պուտինի հայտարարությունները հակասական են, քանի որ Ռուսաստանը ունի իրար հակասող շահեր. նախ՝ բանակի անվտանգության հարցերը, իսկ մյուսը՝ նավթի խնդիրը. նավթի առումով պատերազմը շահութաբեր է նաև Ռուսաստանի համար: Ռուսաստանի դիրքորոշումը կախված կլինի նրանից, թե որ շահի համախոհներին կլսի Պուտինը»: