«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով հարուցված քրեական գործի քննությունից: Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԱԾ-ն օրերս գնացել է Ազգային ժողով՝ հարցաքննելու ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ է գնացել նաեւ հարցաքննելու ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին եւ Արմեն Խաչատրյանին: Ի դեպ, քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի տասնյակից ավելի աշխատակիցների: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ում արդեն միջադեպի բուն պատճառը հայտնի է. միջադեպը եղել է Հրաչյա Հակոբյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի միջեւ ոչ հաճելի դիմելաձեւի եւ արտահայտությունների հետեւանքով: ԱԺ պատգամավորները հարցաքննվել են վկայի կարգավիճակով:

Նշենք, որ ԱԱԾ-ում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանություն. Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը եւ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը գործով ճանաչվել են տուժող:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում