Ռուսական կողմն արձանագրում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման որոշակի հույս կա։ Այս մասին չորեքշաբթի ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ես առաջնորդվում եմ մեր բանակցողների գնահատականներով։ Նրանք արձանագրում են, որ բանակցությունները հասկանալի պատճառներով լավ չեն ընթանում, սակայն, այնուամենայնիվ, փոխզիջման որոշակի հույս կա։ Նույն գնահատականն են տալիս նաեւ ուկրաինական պատվիրակության, ուկրաինական կողմի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի աշխատակիցները»,- ասել է Լավրովը։


Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի ուկրաինական կողմի հետ շփումներին ապագայում, բայց պետք է հասկանալ, թե որն է լինելու դրա ավելացված արժեքը։ «Խոսեցինք եւ լավ: Նման շփումների պատրաստ կլինենք նաեւ ապագայում։ Բայց ցանկալի է հասկանալ, թե որն է նման շփումների ավելացված արժեքը»,- ասել է նա:

Նախարարը հայտնել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում կայացած բանակցություններում նոր գաղափարներ առաջ չի քաշել։ «Նա հայտարարեց, որ չի եկել այնտեղ հրապարակային հայտարարությունները կրկնելու համար։ Ինձ էլ ավելի հետաքրքիր դարձավ։ Բայց հանդիպումից, թուրք նախարարի [Մեւլութ Չավուշօղլուի] ներկայությամբ զրույցից մեկուկես ժամ անց եւ, չնայած իմ կողմից երեք-չորս անգամ հիշեցմանն այն մասին, որ ես կցանկանայի լսել այն, ինչ չի հնչել հանրային տարածքում, նա այդպես էլ որեւէ նոր գաղափար չառաջարկեց»,- ասել է Լավրովը

ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ՌԴ-ի եւ Ուկրաինայի բանակցողներին հանգիստ մթնոլորտում աշխատելու հնարավորություն տալ։ «Ես հնարավորություն կտայի բանակցողներին աշխատել այստեղ ավելի անկաշկանդ մթնոլորտում, առանց նոր հիստերիայի հրահրման», - ասել է Լավրովը՝ մեկնաբանելով բանակցությունների ընթացքի մասին ուկրաինական կողմի որոշ հայտարարությունները։

Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների գործընթացում կան կոնկրետ ձեակերպումներ, որոնք մոտ են համաձայնեցմանը։ Լավրովը հույս ունի, որ Կիեւի ներկայացուցիչների մոտ դրսեւորվող գործնական վերաբերմունքը հնարավորություն կտա համաձայնության գալ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ:

Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի արձագանքն Ուկրաինայի կոչերին սառեցրել է Զելենսկու եռանդը։ «Մենք հիշում ենք, թե ինչպես նախագահ Զելենսկին բլորովին վերջերս՝ մի քանի շաբաթ առաջ, խոսեց ՆԱՏՕ-ի երկինքը փակելու, Ուկրաինայի համար կռվելու, վարձկաններ հավաքելու եւ ռազմաճակատ ուղարկելու անհրաժեշտության մասին,- ասել է նա։- Այդ ամենը բավականին ագրեսիվորեն ասվեց, բայց, ըստ երեւույթին, Հյուսիսատլանտյան դաշինքի արձագանքը, որում դեռեւս կան խելամիտ մարդիկ, սառեցրեց այդ եռանդը»:

Արեւմուտքը չէր ցանկանում խաղաղությամբ լուծել անվտանգության հետ կապված իրավիճակը, ընդգծել է նախարարը։