Երեկ՝ մարտի 16-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրու քաղաքային աղբանոց, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին նշված վայրում Գյումրիի բնակիչ 60-ամյա Աշոտ Մ-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, նշված աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ հողակույտը փլուզվել է, որտեղ այդ պահին փորելու միջոցով գունավոր մետաղներ էր փնտրում Գյումրիի բնակիչ 30-ամյա Վազգեն Յ-ն և այդ ընթացքում ինքը մոտեցել է փլված հողակույտին ու տեսել է, որ Վազգեն Յ-ն չկա։ Նա ոստիկաններին ու քննիչներին հայտնել է նաև, որ դրանից հետո ենթադրել է, որ հնարավոր է՝ Վազգեն Յ-ն մնացած լինի հողակույտի տակ ու օգնության է կանչել իր ծանոթներ՝ Գյումրիի բնակիչներ 41-ամյա Սանասար Մ-ին և 39-ամյա Արտյոմ Հ-ին։

Վերջիններիս օգնությամբ էլ փլուզված հողակույտի տակից հայտնաբերել են Վազգեն Յ-ին, ապա ահազանգել են Գյումրու շտապօգնություն, ու ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։