Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Խոսրով անտառ» պետական արգելոցին պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ շնորհելուն նվիրված գիտական կոնֆերանսը:

Կոնֆերանսի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքերով, Հայաստանը մեծապես կարևորում է բնության պահպանությունը: «Կենսաբազմազանությունը համարվում է լուրջ խնդիր», - նշեց նա, հավելելով, որ «Խոսրովի արգելոցը» առաջին արգելոցն է Հայաստանի տարածքում, որը ստացել է Եվրոպական դիպլոմ: Նախարարի խոսքերով այն նաև պատմամշակութային մեծ արժեք է:

«Խոսրովի անտառ» ՊՌԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը մեծ պատիվ է, որ իրենց շնորհվում է Եվրոպական դիպլոմ: Նա նշեց, որ իրենց տրվել են և հանձնարարականներ, և առաջարկություններ: «Օրինակ համայնքային հողերի հետ կապված, ջրերի ռեսուրսների հետ կապված, մեզ վեց առաջարկություններ են արել»- նշեց նա:

Եվրոպական դիպլոմը շնորհեց Եվրախորհրդի եվրոպական դիպլոմ շնորհող փորձագետների հանձնաժողովի նախագահ Մայքլ Աշերը:

Նշենք որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում առաջին երկիրն է, որին տրվում է պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ: Դիպլոմը տրվում է մինչև հինգ տարի ժամկետով: