Ֆրանսիան մտահոգ է ԼՂ-ում ադրբեջանական զորքերի տեղաշարժման մասին լուրերով և կոչ է անում նրանց վերադառնալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության շրջանակներում համաձայնեցված դիրքեր: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում զետեղված հայտարարության մեջ։

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում ԼՂ-ում միջադեպերի, մասնավորապես` զինված միջադեպերի և Փառուխի ու Խրամորթի շրջաններում տեղաշարժի առնչությամբ: Ֆրանսիան կոչ է անում ուժերին, որ, ինչպես պնդում են, առաջ են շարժվել, վերադառնալ նախկին դիրքեր` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության»,- հայտնում են Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունից:


ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել ԼՂ բնակիչներին գազամատակարարման խափանումների առթիվ և կոչ է արել «վերականգնել մշտական գազամատակարարումը»: Նշվում է, որ այս հարցը բարձրացվել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի` Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ զրույցների ընթացքում: