«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի բարձրագույն ղեկավարության և Ադրբեջանի կողմից Արցախում՝ Քարագլխի բարձունքի մասով դիրքերի հետքաշման քաղաքական պայմանավորվածություն է տեղի ունեցել, ինչին էլ հաջորդել է ռազմական բախումը»,- թերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Դիրքային նմանատիպ մարտերը, ըստ նրա, հիմնականում իմիտացիոն փաթեթավորում են՝ արդարացնելու Հայաստանի կողմից հողեր հանձնելու հանգամանքը, այսինքն՝ որպեսզի այդ գործընթացը լեգիտիմ, ընկալելի լինի մարդկանց համար ու հետագայում հարցեր չծագեն՝ բա ինչպես գյուղերը հանձնվեցին։

«Այդ պայմանավորվածությունները նոր չեն, դրանք սկիզբ են առել դեռևս Ապրիլյան պատերազմից։ Նոր սրացումներ, իհարկե, կլինեն, ընդհուպ՝ Երասխի մասով: Հայաստանը, վստահ եմ, վերադարձնելու է բոլոր այն անկլավները, որոնք Ադրբեջանը ցանկանում է, և դրանք գտնվում են Հայաստանի ռազմավարական ճանապարհների վրա: Այսինքն՝ Ադրբեջանը կարողանալու է մեր պետության հաղորդակցային ցանցի ռազմավարական ուղիներն իր սեփական վերահսկողության տակ պահել, ու պատահական չէ, որ Երասխի հատվածում ադրբեջանցիները որոշակի պարբերականությամբ զորքը առաջ են տանում, այնուհետ հետ են բերում: Դա նաև ուժի, սպառնալիքի գցուցադրման գործիք է, որը այս պարագայում նպատակ ունի օգնել Հայաստանի Հանրապետության գործող ղեկավարին»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում