ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Ինչպես գիտենք, 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը մերժեց Վլադիմիր Պուտինի առաջարկը։ Մերժման պատճառներից մեկն այն էր, որ հաջորդ օրը հայկական զորքերը պետք է Իշխանաձորում հակահարձակում իրականացնեին և հույս կար, որ պատերազմի ընթացքը կփոխվի։
Հակահարձակման պատասխանատուները ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն ու 1-ին կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանն էին։
Ինչպես համարյա ցանկացած հակահարձակում` հոկտեմբերի 20-ի Իշխանաձորի հակահարձակումը ևս, առաջին ժամերերին, լավ է ընթանում։
Սակայն, չսպասելով հետագա ընթացքին` գլխավոր շտաբը իշխանություններին զեկուցում է հաջողության մասին։ Նույնիսկ Արծրունը հրապարակավ հայտարարեց հաջող հակահարձակման մասին և Ալիևին դժոխք հրավիրեց։
Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, չլինելով զինվորական, բնավորության համաձայն անվերապահ հավատում է զեկուցածին ու ահավոր ոգևորվում է. «վերջապես հաղթում ենք», «ինչ լավ արեցինք, որ երեկ Պուտինի առաջարկը մերժեցինք» - մտածում էին իշխանությունները։
Այդպես ոգևորված, առանց հետագա ընթացքին սպասելու, Նիկոլ Փաշինյանը երկու առանցքային հրամանատարներին` Տիրան Խաչատրյանին ու Անդրանիկ Փիլոյանին հերոսի կոչում է շնորհում։
Ժամեր անց վատ պլանավորված հակահարձակումը տապալվում է ու հանգեցնում հայկական կողմի նորանոր զոհերի, կորուստների ու ռազմավարական խնդիրների։ Բայց հերոսի կոչումներն արդեն տրված էին»։