Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պայման է անվանել հրադադարի ռեժիմը, հայտնում է The Guardian-ը։

«Դժվար է ասել, թե արվածից հետո ինչպես կարող ենք ինչ-որ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Դա անձնական մակարդակի վրա է: Բայց որպես նախագահ, ես պետք է դա անեմ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այսօր պատերազմը դադարեցնելու այլ ճանապարհ չկա, բացի երկխոսությունից՝ հարյուր հազարավոր մարդկանց մահը կանխելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։