Ապրիլի 5-ին Երևանի Ազատության հրապարակում ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքի նպատակը Արցախը պաշտպանելու համար հանրային ձայն բարձրացնելն է և գծել այն կարմիր գծերը, որոնք չի կարող անցնել ՀՀ որևէ իշխանություն, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ անցկացվող հանրահավաքն ի՞նչ նպատակ ունի՝ ուժեղացնելո՞ւ, թե՞ թուլացնելու Փաշինյանի դիրքերն այս հանդիպմանը։

«Մեր հանրահավաքի նպատակը ի պաշտպանություն Արցախի հանրային ձայն բարձրացնելն է։ Մեր հանրահավաքի նպատակն է, կրկնում եմ, պաշտպանել Արցախը, պաշտպանել Հայաստանը, Արցախով պաշտպանել Հայաստանը։ Իբրև հանրահավաք, իբրև հանրային կարծիք, որին կարող են միանալ տարբեր քաղաքական կուսակցություններ, մեր հանրահավաքի նպատակն է գծել կարմիր գծերը, որոնք չի կարող անցնել Հայաստանի որևէ իշխանություն, ներկա կամ ապագա»,– ասել է նա։


Հաղորդավարը կրկնել է հարցը, թե հանրահավաքով ուժեղացնո՞ւմ, թե թուլացնում են Փաշինյանի դիրքերը այս հանդիպմանը, ինչին պատգամավորը պատասխանել է, որ հանրահավաքի միջոցով, դրա ընթացքում հնչեցվելիք թեզերի միջոցով Հայաստանի դիրքորոշումը դարձնում են շատ ավելի հասկանալի միջազգային հանրությանը։

«Միջազգային հանրությանը ներկայացնում ենք, որ Հայաստանում հանրային հսկայական զանգվածներ բացառում են լուծման որևէ տարբերակ, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Բացառում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման այդ շրջագծում Ադրբեջանի ներգրավվածությունը և Ադրբեջանի հետ բանակցությունների փոխկապակցումը Թուրքիայի հետ հարաբերություններում։ Բացառում ենք ապագա Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացումը թշնամու կողմից սպառնալիքի ներքո»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ դիրքերն են ուժեղացնում դրանով։

Հարցին, թե ինչպես պետք է դուրս գալ իրավիճակից, ինչ է անելու ընդդիմությունը, Գեղամ Մանուկյանն ասել է, որ հանրահավաքին կգծեն այն սահմանները, որից այն կողմ իշխանությունը չպետք է անցնի։