Կիեւի շրջանի Բուչա քաղաքի ազատագրումից հետո հրապարակված՝ ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների լուսանկարներն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալները կտրուկ փոխում են իրավիճակը Ուկրաինայի շուրջ։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Ռուսաստանի գործողություններն արդեն անվանել է ցեղասպանություն, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Կիևի և Համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Եպիֆանը «ռուսական աշխարհի» կրեմլյան գաղափարախոսությունը հավասարեցրել է նացիզմի եւ ցեղասպանության հետ։


Արեւմուտքը խոստանում է նոր պատժամիջոցներ, որոնց «հետեւանքներն անձամբ Պուտինն է զգալու»։ Միեւնույն ժամանակ, Բուչայի իրադարձությունները կարող են խթան դառնալ Ուկրաինային հեռահար զենքի տրամադրման համար, ինչը պատերազմի սկզբից խնդրում են Ուկրաինայի քաղաքական ու ռազմական ղեկավարները եւ ինչը կարող է կտրուկ փոխել իրավիճակը ռազմաճակատում։

Այսպիսով, «Ուկրաինայի դենացիֆիկացիայի», «ռուսախոս բնակչության ցեղասպանությունը կանխելու» կարգախոսով պատերազմը սկսած Կրեմլը ինքն է կանգնում «դենացիֆիկացիայի» միջազգային ալիքի առջեւ, ընդ որում՝ իր գործողություններով տրամադրելով բազում ապացույցներ։ ՌԴ առաջին դեմքերի, այդ թվում հոգեւոր առաջնորդի հայտարարություններն ինքնին խոստովանական ցուցմունքներ են, որոնց գումարվում են կոնկրետ գործողություններն Ուկրաինայում։ Դրա, ինչպես նաեւ պատժամիջոցների ու միջազգային մեկուսացման հետեւանքներն անհամատեղելի են պետության գոյության հետ՝ որպես լեգիտիմ կառույց։

Ընդ որում, Կրեմլի գործողություններն ավելի են խորացնում մարգինալացման ընթացքը։ Պետական «գաղափարախոսության» հիմքում պաշտոնականացվել են մարգինալ ու մառազմատիկ տեսությունները, օրինականացվում են հավատաքննությունը, մաքսանենգությունը, տնտեսական ու քաղաքական ստվերային սխեմաները։

Բուչան դառնում է շրջադարձային կետ Ռուսաստանի «դենացիֆիկացիայի» սպասվող գործընթացում։ Ընդ որում, այդ ալիքը կարող է ներառել նաեւ այլ տարածաշրջաններում Ռուսաստանի համանման գործողությունները, որոնք վաղեմության ժամկետ չունեն։


Հայոց ցեղասպանությունը ժխտող Պուտինը կարող է առերեսվել Ռուսաստանի՝ հայերի 1915-1923 թթ․ ցեղասպանության ու հայրենազրկման, Հայաստանի օկուպացիայի ու բաժանման ուղիղ մասնակցության մեղադրանքին։ Այս հարցում կարող էր խոշոր բացահայտումներ անել Մեծ Բրիտանիան, որը ներկայում Ուկրաինայի հարցում արեւմտյան կոշտ գծի առաջամարտիկն է։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/04/708992/