Բաքվում Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը Մարաղայի վայրագությունների և Ղարաբաղում էթնիկ զտումների տարելիցի առիթով գնահատել են որպես «անջատողականության խրախուսում Ադրբեջանի տարածքում»։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում հայկական կողմի մեղադրանքները «հերքում» են որպես «հերթական անհիմն, հակաիրավական, թշնամական հայտարարություն»։

«Վճռականորեն դատապարտում ենք հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումն այն դեպքում, երբ ընդունվել են որոշումներ երկու պետությունների միջեւ կարգավորման քայլեր ձեռնարկելու մասին»,- նշվել է բռնապետության ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում, տեղեկացրել է APA-ն։

«Ինչի՞ հիման վրա է Հայաստանը, որը էթնիկ զտումների է ենթարկել մոտ 1 մլն ադրբեջանցու, կոպտորեն խախտել այդ մարդկանց հիմնարար իրավունքները մոտ 30 տարի, բազմաթիվ ռազմական հանցագործություններ կատարել ռազմական ագրեսիայի ժամանակ, այդ թվում՝ մեկ գիշերում Խոջալուում գազանաբար սպանելով 613 քաղաքացիական անձանց, պատասխանատվություն կրելով դեռեւս 90-ականների սկզբին անհետ կորած մոտ 4 000 ադրբեջանցիների ճակատագրերի եւ զանգվածային թաղումների համար, որոնց մի մասն այժմ հայտնաբերվել է, մինչ օրս խուսափելով պատասխանատվությունից՝ խոսում զանգվածային սպանության, էթնիկ զտման մասին։


Հայաստանի ԱԳՆ-ի այդ հայտարարությունը, որը խրախուսում է անջատողականությունն Ադրբեջանի տարածքում՝ միջազգային իրավունքի խախտմամբ միջամտելով այլ պետության ներքին գործերին, խափանելով տարածաշրջանում խաղաղության կերտման ջանքերը, ի ցույց է դնում այն, որ մյուս կողմի իսկական մտադրությունը կարգավորումը եւ խաղաղ գոյակցությունը չէ։ Անկախ Հայաստանի ընտրությունից՝ Ադրբեջանը կշարունակի զարգացման եւ առաջընթացի քայլեր ձեռնարկել իր միջազգային սահմանների շրջանակում՝ պարտավորություններին եւ միջազգային իրավունքին համապատասխան»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 10-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«30 տարի առաջ՝ 1992 թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավանում խաղաղ բնակչության՝ իր դաժանությամբ աննախադեպ կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող հայկական բնակավայրն ամբողջությամբ հայաթափվեց։

Մարաղայում իրականացված պատերազմական հանցագործությունները փաստագրված են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների, ներառյալ՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, որոնք վկայում են, որ հայերի դեմ իրագործված ոճրագործությունների հետևանքով 50 հոգի դաժանաբար սպանվել է, այդ թվում՝ 30 կին, իսկ 29 կին և 9 երեխա պատանդ են վերցվել, որոնցից 19 հոգու ճակատագիրն առայսօր անհայտ է մնում։

Մարաղայի կոտորածը, որը դարձավ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունը, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության և էթնիկ զտումների քաղաքականության հերթական դրսևորումն էր։

Ադրբեջանի հայաշատ քաղաքներում և Լեռնային Ղարաբաղում հայերի կոտորածների կազմակերպիչների և իրականացնողների անպատժելիությունը, նրանց հերոսացումը և տարիներ ի վեր վարվող հայատյացության քաղաքականությունը հիմք դարձան նոր զանգվածային ոճրագործությունների իրագործման:

Ներկայումս ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, ինչպես նաև ս․թ․ մարտի 24-ից ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի ներխուժումը, որի հետևանքով ավելի քան 400 անձ ստիպված տեղահանվեց, վկայում են պաշտոնական Բաքվի իրական նպատակի մասին՝ ամբողջական էթնիկ զտումների ենթարկել Արցախը։

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակին:

Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ ապահովելու Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ կյանքի իրավունքը, և ընդգծում միջազգային հանրության ջանքերի հրատապությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի հայության էքզիստենցիալ անվտանգության համար սպառնալիքները»,- նշված է հայտարարության մեջ։