Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ (ՆՈՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ)
Մի քանի օր առաջ՝ մարտի 31-ին ասել էի, որ կա իրադարձությունների զարգացման երկու հավանական տարբերակ։
Ինչպես որ կանխատեսել էի, Հայաստանի կապիտուլյացիոն վարչակարգը ընտրեց առաջին տարբերակը՝ «խաղաղություն կնքել» Ադրբեջանի հետ՝ վախեցնելով նոր պատերազմով ու ինչ-որ անհասկանալի «միջազգային հանրության անտարբերությամբ»։ Այսօր ՀՀ դե ֆակտո վարչապետ ն. փաշինյանը հայտարարեց, որ պետք է հրատապ ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ Արցախը մտցնելով Ադրբեջանի կազմ։
Սա պարզ է, այլ բան ակնկալելը կլիներ միամտություն ու հիմարություն։
Ժամանակն է, որ ներկայացնեմ, թե ինչ է լինելու հաջորդիվ, եթե իհարկե այս դավաճան իշխանությունները չհեռացվեն։
Նախ առաջիկա շաբաթներին կստորագրվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստ կամ դրան նախընթաց որևէ համաձայնագիր՝ արձանագրելով Արցախը որպես Ադրբեջանի մաս։
Դրան անմիջապես կհաջորդի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը՝ թուրքական պայմաններով ու անպայման Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքով» (առանց Ադրբեջանի հետ ստորագրված որևէ փաստաթղթի, Թուրքիայի հետ որևէ համաձայնություն չի լինի)։
Ապա կբացվեն մի քանի ավտոճանապարհ, որոնք Հայաստանի տնտեսության վրա որևէ դրական ազդեցություն չեն ունենա, բայց դե ֆակտո իշխանությունները դրանք կներկայացնեն որպես ձեռքբերում ու «տնտեսական հեղափոխություն»։
Դրան կհաջորդի Հայաստանում ռուսական ռազմաբազայի մնալու նպատակահարմարության հարցի արհեստական քննարկման հրահրումը, որի ընթացքում դե ֆակտո թուրքամետների իշխանությունը կձգտի հանրային արհեստական պահանջով Հայաստանից դուրս բերել ՌԴ ռազմաբազան։
Ռուսական ռազմաբազայի և զորքերի դուրսբերումից հետո Հայաստանը կվերածվի Թուրքիայից առկախված մի արհեստական կազմավորման, որտեղ օրենքները կհարմարեցվեն թուրքականին և հայկական տնտեսությունը կկորցնի անկախության վերջին հնարավորությունները։
Հայկական պետությունը միայն անվամբ կլինի հայկական, իսկ մի վայրից մյուսը տեղափոխվելու համար թույլտվություն կպահանջվի (ինչպես երեկ եղավ Արցախ մտնելիս)։
Իսկ դրանից հետո Ադրբեջանը և Թուրքիան կպահանջեն, որպեսզի վիճարկվի նաև Սյունիքի պատկանելիության հարցը, որին դիմադրելու պաշար Հայաստանը, ցավոք, այդ ժամանակ չի ունենա։
Սա է առաջիկա առավելագույնը մեկ տարվա իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարը։
Այս ամենը կարելի է կանխել, ձևն էլ հստակ է. ժողովրդական դիմադրություն, որը մի քանի օրում կարող է հեռացնել թուրքամետ կապիտուլյանտ իշխանություններին և սահմանել ազգային ունակ իշխանություն»։