Չինաստանի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական վեճ է ծագել՝ գավաթների պատճառով, հայտնում է Times of Israel-ը։

Իսրայելի անվտանգության ծառայությունը (Shin Bet) հայտարարել է, որ ստուգել է Չինաստանի դեսպանության կողմից նախարարությանը նվիրած ճամփորդական գավաթները եւ եկել է այն եզրակացության, որ դրանք գաղտնալսող սարքեր չեն պարունակում:


Shin Bet-ի փորձագետները, որոնք ուսումնասիրել են կասկածելի մասը, պարզել են, որ այն նախատեսված է գավաթի պատերի վակուումային հատկանիշները եւ որոշ ժամանակ ջերմաստիճանը պահպանելու համար»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Shin Bet-ը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ նրան զգուշացրել են, որ անվտանգության սովորական ստուգումը ցույց է տվել, որ Չինաստանի դեսպանության կողմից պետական հաստատություններին նվիրած մի քանի ճամփորդական գավաթներից մեկը կասկածելի մաս է պարունակել: Կասկածելի բաղադրիչի մասին առաջինը «Բանակային ռադիոն» է հայտնել:

Հաղորդվում է, որ դեսպանության կողմից ուղարկված բոլոր գավաթները հավաքվել են՝ Shin Bet-ի կողմից հետագա ստուգման համար։

Ավելին, բոլոր պետական հաստատություններին հանձնարարվել է հատուկ զգուշություն ցուցաբերել օտարերկրյա կազմակերպություններից նվերներ ստանալիս, քանի որ «դրանք կարող են գաղտնալսող սարքեր կամ տեսախցիկներ պարունակել»։

Ըստ իսրայելցի անանուն պաշտոնյայի, որին մեջբերում է Walla լրատվական կայքը, գավաթը, որն ի սկզբանե կասկածներ է առաջացրել, Չինաստանի դեսպանատան կողմից ուղարկվել է գիտության եւ տեխնոլոգիաների նախարարություն եւ, ամենայն հավանականությամբ, նախատեսված է եղել նորարարության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Օրիտ Ֆարկաշ-Հակոենի համար:

Իսրայելում Չինաստանի դեսպանությունը վրդովվել է այդ հաղորդագրություններից՝ դրանք անվանելով «անհիմն լուրեր [որոնք] ունեն լուրջ հետեւանքներ, քանի որ նպատակ ունեն սեպ խրել Չինաստանի եւ Իսրայելի միջեւ, արատավորել Չինաստանի հեղինակությունը եւ մոլորեցնել հանրությանը»:

«Համապատասխան լրատվամիջոցներին խնդրում ենք անհապաղ հերքել կեղծ լուրերը, դադարել նպաստել լուրերի տարածմանը եւ իրական քայլեր ձեռնարկել արդեն իսկ հասցված բացասական հետեւանքների վերացման համար։ Եթե լրատվական գործակալությունները շարունակեն նման լուրեր տարածել, մենք մեզ իրավունք կվերապահենք նրանց պատասխանատվության ենթարկել»,- ասվում է հայտարարության մեջ։ «Բանն այն է, որ, այսպես կոչված, «կասկածելի սարքը» հեթթեր է, որը հեշտ է գտնել այդպիսի թերմոգավաթների մեջ»։

Դեսպանությունը նաեւ հայտնել է, որ գավաթները նվիրել են Պասահի տոնին՝ որպես Իսրայելի եւ Չինաստանի միջեւ «բարեկամության արտահայտություն»:

Դիվանագիտական աղբյուրը, որին մեջբերում է «Բանակային ռադիոն», հայտնել է, որ Shin Bet-ի հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ Պեկինը պահանջել է, որ Իսրայելը ենթադրյալ իրավախախտումները հերքող պաշտոնական հայտարարություն հրապարակի: