Ինչ էր երեկ ուզում ասել Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթում, խղճահարության ու ըմբռնումի ակնկալիքով խոստովանությունների ֆոնին․ աշխարհը մեր դեմ է, այդ պատճառով պետք է Արցախը հանձնվի Բաքվին առանց կարգավիճակի, տարածքային նոր զիջումներ պետք է արվեն, որպեսզի պատերազմ ու զոհեր չլինեն, բանակի բարեփոխումը (ռուսական խողովակով բանակի արդիականացման սազանդարների աչքը լույս՝ ուկրաինական ճակատում ռուսական բանակի բնույթի բացահայտումներից հետո), պետական մարմինների ինստիտուցիոնալացումը ձախողվել են, եւ այլն։


Սա պետության իրավունքների ու շահերի համար կռիվ տվող ղեկավարի, ընդհանրապես պետության ղեկավարի խոսք չէ։ Օրինակը կողքին է՝ Ուկրաինային էլ աշխարհը դեմ էր՝ ստիպելով ստորագրել Մինսկ-2-ի ռուսական կապիտուլյացիան, Զելենսկիին առաջարկելով էվակուացիա։ Զելենսկին մերժեց թե մեկը, թե մյուսը, իր զինվորականներին չհրամայեց չկրակել ու չդիմադրել, ինքն աշխարհին ստիպեց կատարել իր պահանջները, ներկայացնելով համաշխարհային անվտանգության ապագա համակարգի ձեւավորման հայտ։

Ինչ է առաջարկում Փաշինյանը, «խաղաղության դարաշրջանից» բացի։ Որեւէ պահանջ դրե՞լ է աշխարհի առաջ, ցուցաբերելով դրանք պաշտպանելու վճռականություն։ Դրա համար նախ իրերն իրենց անուններով կոչել էր պետք՝ հստակ նշելով ագրեսորին՝ Ռուսաստան ու Անկարա-Բաքու։ Բացահայտեր ռուս-թուրքական դավադրությունը, Հայաստանին պարտադրված «կարգավորման» հանգամանքները՝ դա պետք է լիներ իր առաջին քայլը դիմադրության ճանապարհին՝ թիկունքում ունենալով թուրքական բանակի ողնաշարը ջարդած հազարավոր նահատակների սխրանքը։

Փոխարենը, Փաշինյանը նոյեմբերի 9-ի համար շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին, ընդունեց Մոսկվայի բոլոր պայմանները եւ վերածվեց Բաքվի փաստաբանի, պաշտպանելով նրա իրավունքները։ Այդպիսով Հայաստանը վերածելով հարմար ու օգտակար թիրախի բոլորի համար, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների ֆոնին։ Եվ այդ դիրքերից փորձում է հուսահատություն ու վախ սերմանել եւ հանրությանը համակերպել անկմանը, դա իր առաքելությունն ու խաչը համարելով։


Ընտրությունը կար 2020-ին, դրանից հետո, եւ հիմա էլ, բայց դա չարվեց՝ սուբյեկտության, իրավունքների ու պահանջների վրա հիմնված հայտ՝ ինչ է ուզում Հայաստանը, ինչ դեր է ստանձնում նոր աշխարհակարգում։ Թե՞ մնում է ցեղասպանական քաղաքականության տրամաբանության մեջ` պրոռուսական բլոկների մերժված կցորդի կարգավիճակում։

Նիկոլ Փաշինյանի ելույթը ողորմելի արդարացումներն են՝ մեն միակ քայլը անելու փոխարեն։ Վերնախավի փոփոխության հստակ անհրաժեշտություն ու հնարավորություն կա։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/13/711124/