ԱՄՆ կառավարությունը Դոնալդ Թրամփի եւ նրա իրավահաջորդ Ջո Բայդենի օրոք «զինել է» ֆինանսական շուկաները՝ «հիմար եւ խելագար» ռազմավարություն կիրառելով, որը կխաթարի դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակը, ասել է Հոնկոնգի արժութային վարչության (HKMA) նախկին գործադիր տնօրեն Ջոզեֆ Յամ Չի-կվոնգը, գրում է South China Morning Post-ը:

«Նախ, նրանք սահմանափակումներ են դրել ԱՄՆ-ում չինական բիզնեսների ֆինանսավորման վրա եւ, միեւնույն ժամանակ, արգելել են ամերիկացիներին ներդրումներ կատարել չինական բիզնեսներում»,- ասել է Ջոզեֆ Յամն առցանց վեբինարի ժամանակ: «Դա նման է կապիտալի վերահսկողության կամ դոլարի կամ միջազգային ֆինանսական ենթակառուցվածքների օգտագործման սահմանափակումներին: Կարծում եմ՝ ամերիկացիները խելագարվում են դրա համար»:


73-ամյա Յամն ամ Հոնկոնգի գործադիր խորհրդի անդամ է:

Իր նախագահության վերջին շաբաթներին Թրամփը գործադիր հրաման էր ստորագրել, որն արգելում է ամերիկյան ներդրումները չինական պետական ​​ընկերություններում: Անցյալ օգոստոսին Բայդենի վարչակազմն ընդլայնել էր Թրամփի ցուցակը՝ ներառելով ներդրումների արգելքի ենթակա եւս 24 ընկերությունների։

«Որոշ երկրներին, օրինակ՝ Ռուսաստանին, թույլ չեն տալիս օգտվել միջազգային ֆինանսական ենթակառուցվածքից՝ կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ որոշ խելահեղ մարտավարությունների պատճառով։ Տուժած երկրները կբախվեն խնդիրների և անհարմարությունների»,- ասել է Ջոզեֆ Յամը
«Սակայն եթե նայեք երկարաժամկետ հեռանկարում, ապա կարծում եմ, որ դոլարը, որպես միջազգային պահուստային արժույթ, լուրջ բացասական ռիսկ կունենա»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը եւ եվրոպական երկրները պատժամիջոցներ են սահմանել ռուսական ընկերությունների, հաստատությունների եւ պաշտոնյաների դեմ։ Նրանք կտրել են բազմաթիվ ռուսական բանկեր համաշխարհային ֆինանսական համակարգից եւ սառեցրել են կառավարության 640 միլիարդ դոլարի ոսկեարժութային պահուստների գրեթե կեսը:

«ԱՄՆ-ի այս բոլոր գործողությունները, իմ կարծիքով, խելագար եւ իսկապես հիմար են», - ասել է Յամը:

Թեեւ պատժամիջոցները կարող են մտահոգիչ լինել թիրախավորված երկրների համար, դրանք, ամենայն հավանականությամբ, կնվազեցնեն կախվածությունը դոլարից, որը ներկայումս գերիշխում է միջազգային առտեւրային հաշվարկներում:

Նման պայմաններում, փորձագետի կարծիքով, Չինաստանը կարող է մեծացնել սեփական արժույթի՝ յուանի միջազգայնացումը։ Բայց երկիրը պետք է վերացնի վերահսկողությունը կապիտալի շարժի նկատմամբ՝ գործընթացն արագացնելու համար։

«Մայրցամաքային Չինաստանին կապիտալի հսկողություն է անհրաժեշտ՝ ֆինանսական կայունությունն ապահովելու եւ սպեկուլյատիվ գործունեությունից խուսափելու համար», - ասել է Յամը: Բայց Հոնկոնգը, որը չունի կապիտալի վերահսկողություն եւ միջազգային ֆինանսական կենտրոն է, կարող է կարեւոր դեր խաղալ որպես յուանի առեւտրի օֆշորային կենտրոն, հավելել է նա. «Մենք պետք է Հոնկոնգն արդյունավետորեն որպես օֆշորային [յուանի] հանգույց օգտագործենք։ Յուանը պետք է ավելի շատ օգտագործվի կապիտալի շուկաներում, օրինակ՝ բորսայական գործարքների կարգավորման եւ այլ նպատակներով»։