Չինաստանն, ի վերջո, ստիպված կլինի ընտրություն կատարել Ուկրաինայի շուրջ ներկա հակամարտությունում, քանի որ այն «անդրադառնում է աշխարհում նրա հեղինակության վրա»։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Նա նշել է, որ դեռեւս ուկրաինական իրադարձություններից առաջ Մոսկվան եւ Պեկինը համատեղ հայտարարություն էին ընդունել, որում ընդգծվել էր, որ նրանց բարեկամությունը «սահմաններ չունի»։ «Կարծում եմ՝ այժմ ինչ-որ տեղ ստուգվում է, թե ինչպիսին են այդ սահմանները, քանի որ Չինաստանը դժվար վիճակում է»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ «Մենք սպասում ենք, որ Չինաստանը հանդես կգա այն սկզբունքների պաշտպանությամբ, որոնց, ինչպես հայտարարում է, մնում է հավատարիմ։ Բայց նա դա չի անում։ Կարծում եմ, նա գտնվում է շատ ավելի անհարմար վիճակում այն պատճառով, որ կա հսկայական խզում այն բանի միջեւ, ինչի համար Չինաստանն իբր հանդես է գալիս, եւ նրա միջեւ, ինչը նա իսկապես անում է,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։- Կարծում եմ՝ դա անդրադառնում է աշխարհում, աշխարհի տարբեր մասերում նրա հեղինակության վրա»։ «Այստեղ բանն այն չէ, որ լինես ԱՄՆ-ի կողմում, այլ այն, որ լինես այն կողմում, որը ճիշտ է, նրա դեմ, որը ճիշտ չէ։ Բանն այն է, որ աջակցես միջազգային հարաբերությունների համակարգի հիմնարար սկզբունքներին, ոչ թե քաոսին կամ հակամարտությանը։ Եվ, ի վերջո, Չինաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել»,- ընդգծել է Բլինքենը։


ԱՄՆ պետքարտուղարը նաեւ նշել է, որ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախում թույլ չտալը ԱՄՆ ազգային շահերից է բխում։ «Նախագահը պետք է վստահ լինի, որ հոգում է ամերիկյան ժողովրդի շահերի մասին,- ասել է նա։- Այդ շահերից մեկն այն է, որպեսզի ապահովվի մեր հնարավորությունների սահմաններում Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտություն թույլ չտալը, որպեսզի խուսափենք այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էլ ավելի ծավալուն պատերազմի։ Մենք ցանկանում ենք վերջ դնել այս պատերազմին եւ ռուսական ագրեսիային, այլ ոչ թե ընդլայնել այդ պատերազմն այնպես, որպեսզի այն ոչ մեկին օգուտ չբերի»։

Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ձգտում է անել «հնարավոր ամեն բան, որպեսզի օգնի ավարտել այս պատերազմը որքան հնարավոր է շուտ։ «Բայց մենք նաեւ պատրաստ ենք այն բանին, որ դա կարող է շարունակվել որոշ ժամանակ»,- ասել է նա։

Խոսելով Ուկրաինա սպառազինությունների մատակարարման մասին՝ Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը եւ նրա գործընկերները ջանում են «որքան հնարավոր է շուտ ուկրաինացիներին միջոցներ հասցնել, որոնք նրանք կարողանում են արդյունավետ օգտագործել»։