«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ և վերջնականապես զավթելու իշխանութունների ծրագիրը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Օրենսդրական համապատասխան փոփոխությունների արդյունքում իշխանություններն իրականություն են դարձնում Վճռաբեկ դատարանում հլու-հնազանդ պալատներ ունենալու իրենց երազանքը:

Մինչ Բարձրագույն դատական խորհուրդը զբաղված է Վճռաբեկ դատարանում՝ նոր ձևավորվող պալատներում դատավոր աշխատելու ցանկություն ունեցող անձանց դիմումներն ընդունելու, ՀՀ դատական օրենսգրքով սահմանված գործառույթներ իրականացնելու, այդ թվում նաև թեկնածուներին ընտրելու և նրանց ցուցակները Ազգային ժողով ուղարկելու նախապատրաստական աշխատանքներով, իշխանության «էլիտար» ներկայացուցիչները զբաղված են հավանական թեկնածուների ցուցակները ճշգրտելու գործընթացով: Բանն այն է, որ իշխանությունները չեն ցանկանում անմասն մնալ Վճռաբեկ դատարանի պալատների ձևավորման գործընթացից, այլ, ճիշտ հակառակը, այդ գործընթացից փաստացի դուրս են թողնում ԲԴԽ-ին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի պալատներում պաշտոնավարելու համար իշխանության համար ցանկալի թեկնածուներ ընտրելու «պատասխանատու» գործը վստահվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց «խորհրդատվություն» տալու մեծ փորձ ունեցող Աննա Վարդապետյանին, որը քննարկումներ է ծավալում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկումներին երբեմն մասնակցում է նաև ԲԴԽ ներկայիս ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը, սակայն վերջնական խոսքը նրան չի պատկանելու, այլ նրան է ներկայացվելու Աննա Վարդապետյանի կողմից ընտրված և վարչապետի հետ համաձայնեցված այն թեկնածուների ցուցակը, որոնց ԲԴԽ-ն պետք է հնազանդորեն ընտրի Ազգային ժողով ուղարկելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին շատ հետաքրքիր տվյալներ են հայտնի դարձել այդ քննարկումներից:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ամենահավանական թեկնածուն Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանն է, ում համար պայքարում է արդարադատության նախարարը: Մկոյանը հանդիսանում է արդարադատության նախարարի կնոջ մտերիմ ընկերուհին, և նրանց միջև կան քավորսանիկական հարաբերություններ: Նախարարը նույնիսկ սպառնացել է լքել պաշտոնը, եթե Մկոյանը չնշանակվի Վարչական պալատում, ուստի վերջինս հաստատապես «ընտրվելու է» ԲԴԽ-ի կողմից և հայտնվելու է Ազգային Ժողովում: Մկոյանն ունի բոլոր ժամանակներում իշխանությունների հետ հարաբերվելու մեծ փորձ: Նա իր աշխատանքային վերելքը սկսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում աշխատելով և դատավոր է նշանակվել վերջինիս անմիջական հովանավորությամբ ու միջամտությամբ:


Մկոյանի եղբայրը եղել է Սերժ Սարգսյանի օգնականը և քիչ դեր չի կատարել Մկոյանի հետագա առաջխաղացման և Վերաքննիչ վարչական դատարանում դատավոր նշանակվելու համար: Այժմ Մկոյանը նույն ջանասիրությամբ նվիրվել է ներկա իշխանություններին և փորձում է ունենալ հերթական առաջխաղացումը, որը, ըստ ամենայնի, իրողություն է դառնալու, քանի որ նրա թեկնածությանը հավանություն են տվել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Վարդապետյանը՝ չցանկանալով նեղացնել Կարեն Անդրեասյանին, ասել է թե՝ Մկոյանի թեկնածությունը մրցակցությունից դուրս է, ինչի մասին անգամ անթաքույց մտերիմների շրջանում հայտնում է նաև Մկոյանը:

Մյուս թեկնածուն Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Լիաննա Հակոբյանն է, ում նախընտրում է ՔՊ-ի դրամաշնորհներ ստացած թևը, ուստի վերջինս նույնպես անպայման հայտնվելու է Ազգային Ժողովում: Լիանա Հակոբյանը նույնպես իր աշխատանքային վերելքի համար պարտական է «նախկիններին», մասնավորապես՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 3 թափուր հաստիքներից 2-ը բաժին է հասնելու նշված երկու կանանց, ինչի արդյունքում տղամարդ թեկնածուները պայքարելու են մնացող 1 տեղի համար, իսկ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարելու ցանկություն ունեցող տղամարդ թեկնածուների թիվը քիչ չէ: Շրջանառվում են Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Արա Բաբայանի, Արթուր Պողոսյանի, Կարեն Ավետիսյանի, Վարչական դատարանի դատավորներ Միքայել Մելքումյանի, Արգիշտի Ղազարյանի, Գրիգոր Առաքելյանի, Արթուր Ավագյանի, ԲԴԽ-ից Վիգեն Քոչարյանի, Դավիթ Խաչատուրյանի անունները:

Սակայն, ըստ աղբյուրի փոխանցման, տղամարդ թեկնածուներ կան նաև դատական համակարգին ոչ այդքան մոտ կանգնած տարբեր ոլորտներում աշխատող անձանց շրջանում: Ամեն դեպքում, իրերի դասավորությունը մեծապես կախված է լինելու նրանից, թե նշված թեկնածուներից կոնկրետ ում վրա է կանգնելու իշխանությունների ընտրությունը, որի դեպքում մյուս թեկնածուներին «խորհուրդ է տրվելու» դիմումներ չներկայացնել ԲԴԽ:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում