ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա։ Ըստ օրակարգի նախատեսված է հանդիպում ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ռուսաստանի վարչապետի և Պետդումայի նախագահի հետ։

Այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ են տարածել երկու կողմերն էլ։ Հայաստանի կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները կանդրադառնան Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։

Բանն այն է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը կլինի, չնայած նրանք այդ հանդիպումից հետո հեռախոսազրույց են ունեցել։