ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության հարցերում ՀՀ գործող իշխանությունները լեգիտիմություն այլևս չունեն:

Թաթոյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․


«Նրանց այսօրվա քաղաքականությունը հակասում է այն ծրագրին, որով 2021թ. մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, ստացել են ՀՀ քաղաքացիներից ձայներ և ձևավորել իշխանություն:

Պարզ է, որ իշխանություն չէին ձևավորի, եթե ծրագրի հիմքում լիներ այսօրվա փաստացի քաղաքականությունը (տարածքային իրավազորության զիջումներ Ադրբեջանին, ադրբեջանական զինված տեղակայումների անօրինական ամրացում գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին, միջազգային ատյաններում ՀՀ դիրքերի այն էլ էական թուլացում և այլն):

Ու քանի որ տարվում է համակարգված քաղաքականություն, ակնհայտ է, որ իշխանության կամ պաշտոնների համար քաղաքացիներին գցել են մոլորության մեջ, ստացել են ձայներ և իրականացնում են քաղաքացիների կամքին հակասող քաղաքականություն:

ժողովրդավարության հիմքերի հիմքը ընտրություններն են, երբ առաջ քաշված ծրագրերի հիման վրա քաղաքացիների քվեարկությամբ և քաղաքացիների կամքով, նրանց պատվիրակումով են որոշվում երկրի իշխանությունները: Այսինքն` տեղի է ունենում հակաժողովրդավարական գործընթաց` խաթարելով իշխանության լեգիտիմության աղբյուրը»: