Արմավիրի մարզում, այսօր, ապրիլի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել. ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և ըստ ահազանգողի՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ 44-ամյա Լաերտ Հարությունյանն իր աներոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 69-ամյա Էդիկ Մարտիրոսյանի տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Է․ Մարտիրոսյանի, նրա որդու՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 41-ամյա Արամ Մարտիրոսյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ հայհոյանքներ են հնչեցվել Լ․ Հարությունյանի հասցեին (որը քննչական վարչությունը պարզում է), ինչի ժամանակ էլ Լ․ Հարությունյանն իր մոտ եղած ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել Ա․ և Է․ Մարտիրոսյանների, ինչպես նաև Է․ Մարտիրոսյանի կնոջ՝ Նալբանդյան բնակավայրի բնակիչ 72-ամյա Սիրվարդ Հարությունյանի ուղղությամբ։


Կրակոցների հետևանքով Է․ Մարտիրոսյանը գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ Ա․ Մարտիրոսյանն ու Ս․ Հարությունյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Քանի որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում արդեն ունեին ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, մարզի ոստիկանապետի հանձնարարականով՝ ստեղծվել են օպերատիվ խմբեր:

Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5 կրակված պակուճ, կրակոցից արձակված կոտորականեր, արնանման հետքեր և արնոտ հողաթափեր։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ՝ Լ․ Հարությունյանը ձերբակալվել է։ Հրացանի հետ նա ներկայացրել է նաև 6 փամփուշտ։