Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ավելի քան 60 կոնգրեսականներ` Ֆրենկ Փալոնի, Գաս Բիլիրակիսի, Ջեքի Սփիերի և Ադամ Շիֆի գլխավորությամբ, նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և բարձրաստիճան անդամ Հըլ Ռոջերսին՝ խնդրելով զգալիորեն մեծացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օգնությունը 2023 թվականի ֆինանսական տարում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Օրենսդիրները կոչ են արել նվազագույնը 100 միլիոն դոլար տրամադրել՝ Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական, էներգետիկ բարեփոխումների և օրենքի գերակայությանն ուղղված ծրագրերի համար: Բացի այդ, կոնգրեսականները խնդրում են 50 միլիոն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության նպատակով: Նամակում Կոնգրեսի անդամները նաև հորդորում են ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտի աջակցությունը և կոչ անել Բաքվին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորվածներին»,- նշված է տեքստում: