Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի գրառումը․ «Իլհամ Ալիևն այսօր աննախադեպ հակառուսական ելույթ է ունեցել։ Նա անցել է բոլոր սահմանները՝ Ռուսաստանին, փաստորեն, ագրեսոր երկիր անվանելով և կոչ անելով Ուկրաինային կռվել մինչև վերջ։

Իսկ ի՞նչն է նրան ստիպել անցնել Ռուբիկոնը։ Իմ համոզմամբ՝ Ալիևը թյուրիմացաբար եկել է այն եզրակացության, թե Ռուսաստանը շատ շուտով պարտվելու է Արևմուտքի հետ ծավալված խոշորագույն հակամարտության մեջ, որի ռազմական կողմն այս պահին առայժմ տեղայնացվել է Ուկրաինայում։ Բայց Ալիևը սխալ հաշվարկ է կատարել։

Նրա այս ինքնավստահ հակառուսական բռնկումն ի ցույց է դնում նաև, թե ում է նա առավելապես լսում և ումից է նա գերազանցապես կախված։ Ալիևը կանգնում է Արևմուտքի կողքին՝ ընդդեմ Ռուսաստանի, որը նրա հզորագույն հարևանն է։ Հետևանքները Բաքվի համար կարող են լինել շատ անսպասելի ու չափազանց ցավոտ։

Ֆաշիստ Ալիևի այսօրվա ելույթը վկայում է նաև նրա վերլուծական թույլ կարողությունների, ինքնասիրահարվածության և իրական աշխարհառազմավարական իրավիճակը գնահատելու անընդունակության մասին, որոնց բոլորին էլ ժամանակին անդրադարձել եմ՝ նկարագրելով նրա հետ իմ անձնական բախումը Սթենֆորդի համալսարանում տակավին 1998թ.՝ ընդգծելով, մասնավորապես, որ նա «ծույլ է, խորամանկ, կարճատես և անճկուն..., նարցիսիստ է, ցինիկ ստախոս, բայց վատ դերասան...: Ալիևը հեշտությամբ ընկնում է շփոթության մեջ՝ դառնալով դանդաղամիտ ու չափից դուրս շիտակ»։

Ալիևի ելույթն արդեն թարգմանաբար ներկայացրել են նաև որոշ ռուսաստանյան աղբյուրներ»: