Այսօր՝ մայիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան կիրճում, մոխրացած դի կա:

Ոստիկանները կամրջի հարևանությամբ ճանապարհից մետ 5 մետր դեպի Հրազդան գետ, քարերի վրա հայտնաբերել են կնոջ կիսամոխրացած դի:

Դիակի գտնվելու վայրից մոտ 5 մետր հեռավորության վրա, դեպի ճանապարհի երթևեկելի գոտի հայտնաբերվել են կրակի հետքեր: Այս պահին տեղում դիակի զննություն են կատարում դատաբժիշկները:

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունից և նյութերի նախապատրաստման ընթացքում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: