Մեր հայրենակիցները օր օրի ավելի մեծ համարձակություն են ունենում փողոց դուրս գալու: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ընդդիմության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը; Ըստ Քոչարյանի՝ ամեն կերպ փորձում են սադրել, բայց ինչպես երևում է՝ հակառակ արդյունքն է լինելու: «Մենք այս քանակությամբ չենք շարժվել, հիմա մարդիկ կրկնակի շատ են: Մեր պահանջը փողոցը փակելն էր; Մենք, փողոց փակելով, պահանջում ենք՝ մեր ընկերներին բերրման չենթարկեն; Ինչպես հայտարարել ենք՝ սա անհնազանդության երթ է, այս ամեն ինչի նպատակը թուրքահպատակ իշխանություններից ազատվելն է»,-ասաց Լ.Քոչարյանը:

Անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին, թե ինքը թիկնապահներով է շարժվում, Լեւոն Քոչարյանն ասաց. «Հայրս տասը տարի նախագահ է եղել, ես թիկնապահ չեմ ունեցել, դրանից հետո էլ չեմ ունեցել: Նման բան չկա, բացարձակ անհեթեթություն է»:


Նշենք, որ այս պահին ընդդիմադիր շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։