Հայաստանի Մաքսային միության անդամակցելը չի նշանակում, որ Հայաստանը լքել է եվրոպական վեկտորը և այլևս վերադարձել ենք խորհրդային շրջան: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Վերջինս նշեց, որ խնդիրն այն է, որ որոշումը կայացվել է հենց Մոսկվայում` ՀՀ նախագահի կողմից:

«Նույնիսկ նախագահի արտահայտությունները տարբեր են պաշտոնական հայտարարությունից: Նախագահն ասում է փոխանցեցի Հայաստանի որոշումը, բայց ասուլիսում ասվում է ՀՀ նախագահի որոշումը»,-իր խոսքում նշեց Կիրո Մանոյանը:

Բանախոսը հայտնեց, որ եթե Մոսկվայում նման հայտարարություն արվեց, ապա դա չի նշանակում, որ վաղն առավոտյան մենք պետք է մաքսային միության մաս կազմեն: Սակայն Կիրո Մանոյանը նշեց, որ այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ հասարակության համար այս որոշումը անակնկալ էր:

«Իշխանությունը տեղյակ չէր պահել հասարակությանը և քաղաքական ուժերին, որ նման բան կարող է լինել: Որևէ նախանշան չկար իշխանության կողմից: Կարծում եմ մեր հասարակության մեջ դժգոհության առիթն ավելի նվազ կլիներ, եթե համապատասխան աշխատանք իշխանությունները տարած լինեին»,-իր խոսքում նշեց Կիրո Մանոյանը, հավելելով, որ անակնկալ էր այս որոշումը նաև Եվրամիության համար, որը սակայն կարող է մեծ դժգոհության առիթ հանդիսանալ:

Խոսելով հարցի տնտեսական կողմից, Կիրո Մանոյանը նշեց, որ դրանք միայն խոստումներ են և չկա դեռևս որևէ հիմնավոր քայլեր: