Մայիսի 18-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպումից հետո հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ՝ Իլհամ Ալիեւը, մասնավորապես, ասել է.

«Մենք կոչ ենք արել Հայաստանին սկսել սահմանների սահմանազատումը։ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչեւ ապրիլի վերջ երկու կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք կսկսեն գործունեությունը։

Ադրբեջանը ժամանակին ստեղծեց իր աշխատանքային խումբը եւ պատրաստ էր գործուղել իր պատվիրակությունը։ Դա համաձայնեցված էր հայկական կողմի հետ։ Ի դեպ, հենց Հայաստանի ԱԳՆ-ն էր առաջարկել սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնել։ Ադրբեջանն ընդունեց այս առաջարկը, եւ մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղարկեց համաձայնեցված հանդիպումը։ Դա հիասթափեցնող էր։ Առավել հիասթափեցնող էր այն փաստը, որ Հայաստանը մերժեց մայիսի 7-ից 11-ը նոր հանդիպում անցկացնելու մեր առաջարկը։

Այսպիսով, մենք դեռ սպասում ենք Հայաստանից նոր ժամկետների, քանի որ նման անպատասխանատու դիրքորոշումը, իհարկե, մտահոգություն է առաջացնում»։