Եվրոպան պետք է ամրապնդի իր պաշտպանական պոտենցիալը, այժմ այն թուլացել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու պատճառով, ասել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր բլոգում։

Նա կոչ է արել Եվրամիությունում ստեղծել սեփական զինված ուժեր, քանի որ Եվրոպան «վտանգի մեջ է», իսկ նրա անվտանգության համակարգը ներկա վիճակում «բացեր» ունի։


«Ուկրաինային մեր ցուցաբերած ռազմական աջակցության հետեւանքով հյուծված պաշարները մեր թերությունների ամենաակնհայտ օրինակն են»,- գրել է դիվանագետը։

Հակամարտությունն Ուկրաինայում Բորելն անվանել է «տագնապի զանգ ԵՄ-ի անվտանգության եւ պաշտպանության» համար։ Նրա կարծիքով՝ միության անդամները պետք է ավելացնեն ռազմական ոլորտի ծախսերը։ Նա նշել է, որ 2008 թվականից, երբ աշխարհում ֆինանսական ճգնաժամ էր, ԵՄ-ի երկրները սկսեցին նվազեցնել պաշտպանական ծախսերը, առավելագույն նվազումը տեղի ունեցավ 2014թ., եւ միայն հիմա է ֆինանսավորումը վերադարձել մինչճգնաժամային մակարդակին, որը Բորելն անբավարար է համարում։ Նա նշել է, որ վերջին 22 տարիներին «ԵՄ-ի ընդհանուր պաշտպանական ծախսերն ավելացել են ընդամենը 20 տոկոսով՝ ԱՄՆ-ի 66, Ռուսաստանի 292 եւ Չինաստանի 592 տոկոսի դիմաց»։

Դիվանագետը խնդիր է համարել նաեւ ԵՄ-ի երկրների թույլ կոորդինացումն այս հարցում. նրա տվյալներով՝ 2020թ. պաշտպանության ոլորտում կատարված ներդրումների ընդամենը 11 տոկոսն է ծախսվել համատեղ, չնայած նշվող վերահսկիչ ցուցանիշը 35 տոկոս է։