Համացանցում հրապարակվել են երկար տարիներ Չինաստանի կառավարությանը խորհրդատվություն մատուցող չինացի առաջատար փորձագետներ Գաո Յուշենի եւ Ֆեն Յուձունի վերլուծական տեղեկանքները, որոնք վերաբերում են Ռուսաստանի ներկայիս իրավիճակին եւ հեռանկարներին։ Ներկայացնում ենք հատվածներ․

Ռուս-ուկրաինական պատերազմը բազմաչափ ազդեցություն ունեցավ գլոբալ աշխարհի վրա՝ որոշ չափով գերազանցելով 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների նշանակությունը։ Կարելի է ասել, որ այն դարձել է համաշխարհային պատմության սահմանակետ․
Ռուսաստանի առաջիկա պարտությունն արդեն ակնհայտ է։ Պուտինի օրոք Ռուսաստանի վերածնունդ ասվածը սուտ է, այն ուղղակի գոյություն չունի։ Ռուսաստանի Դաշնության անկումն ակնհայտ է տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական, քաղաքական և սոցիալական ոլորտներում, այն լուրջ բացասական ազդեցություն է թողել ռուսական բանակի և նրա մարտունակության վրա․
Ռուսական բլից-կրիգի անհաջողությունն ու արագ հաղթանակ չապահովելը նշանավորեցին Ռուսաստանի պարտության սկիզբը։ Նրա ռազմարդյունաբերական համալիրի չափերը և բանակի ֆինանսավորումը անհամեմատելի են, այսպես կոչված, ռազմական գերտերության կարգավիճակի հետ, նրանք չեն կարող ապահովել օրական հարյուր միլիոնավոր դոլարների բարձր տեխնոլոգիական պատերազմ։ Մարտի դաշտում բանակի աղքատության պատճառով կորուստները աչք են ծակում. Պատերազմի ձգձգվող յուրաքանչյուր օրը ծանր բեռ է երկրի համար.
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների (ՆԱՏՕ) միջև զենքի և տեխնոլոգիաների, ռազմական հայեցակարգերի և պատերազմի մեթոդների ոլորտում սերնդային տարբերություններն ավելի են ընդգծում ԱՄՆ-ի առավելությունները և Ռուսաստանի թերությունները․
Ռուսաստանն այսօր այլևս չի կարող որոշել, թե երբ և ինչպես ավարտի պատերազմը։ Նա փորձում է հնարավորինս շուտ ավարտել այն, որպեսզի պահպանի այն, ինչ նվաճել է։ Բայց նրան չի հաջողվում։ Ռուսաստանի Դաշնությունը հակամարտության ընթացքում կորցրեց ռազմավարական առաջնորդությունն ու նախաձեռնությունը․
Ավելի կարևոր է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անմիջական ներգրավվածությունը պատերազմին գնալով խորանում և ընդլայնվում է։ Այս ամենը հուշում է, որ պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի պարտվել ու չի պատժվել․
Ռուսաստանի Դաշնությունը երբեք իրականում չի ճանաչել նախկին խորհրդային հանրապետությունների անկախությունը և հաճախ խախտել է նրանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական արշավը ոչ մի կերպ մեկուսի դրվագ չէ, այլ իր կայսրությունը վերականգնելու Ռուսաստանի ռազմավարության կարևոր մասը․
Զարմանալի չէ, որ հետխորհրդային տարածքի երկրները, այդ թվում՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամները, բացառությամբ Բելառուսի, հրաժարվեցին աջակցել Ռուսաստանին։ Ռուսաստանի Դաշնության պարտությունը վերջնականապես զրկում է նրան հին կայսրության վերականգնման հույսից։ Ռուսաստանը զգալիորեն կթուլանա, կմեկուսացվի ու կպատժվի.
Ուկրաինան դուրս կգա Ռուսաստանի ուղեծրից և ազդեցության գոտուց (եթե Ռուսաստանն առհասարակ որևէ ազդեցության գոտի ունենա) և կդառնա եվրոպական մեծ ընտանիքի, այսինքն՝ Եվրամիության անդամ։ Հետխորհրդային մյուս պետությունները տարբեր աստիճանի ապառուսականացման նոր ճանապարհ կանցնեն։

Նշենք, որ ՌԴ նախագահ Պուտինը մինչ Ուկրաինա ներխուժումը այցելեց Պեկին եւ Չինաստանի նախագահի հետ ստորագրեց հակաամերիկյան ու հականատօական բնույթի հռչակագիր, որը փորձագետները գնահատեցին որպես Չինաստանի աջակցություն Ռուսաստանին։ Պեկինը հերքում է, որ տեղյակ էր Պուտինի ներխուժման ծրագրերից եւ առավել եւս խոստացել էր օժանդակություն։ Միեւնույն ժամանակ, ռուսական պրոպագանդան հռչակագիրը ներկայացնում էր որպես Մոսկվա-Պեկին դաշինք, որ Չինաստանը կանգնած է ՌԴ թիկունքին եւ կօգնի հատուցել պատժամիջոցների կորուստները։

Փորձագետները նշում են, որ Չինաստանին ձեռնտու էր Ուկրաինայի եւ ընդհանուր առմամբ՝ Արեւմուտքի դեմ Ռուսաստանի պատերազմը, քանի որ ցանկացած ելքի դեպքում Պեկինը շահում էր՝ «գետը կբերեր կամ ՌԴ, կամ Արեւմուտքի դիակները»։ Սակայն պատերազմի ձգձգումը խնդիրների առջեւ է կանգնեցրել Չինաստանին, որն առայժմ մի շարք ոլորտներում կախման մեջ է ԱՄՆ-ից, ինչը կարող է տնտեսական լուրջ հետեւանքներ ունենալ երկրի համար։ Դրանով է բացատրվում ռուսական շուկայից չինական տեխնոլոգիական ձեռնարկությունների աստիճանական հեռացումը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/21/718537/