Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն:
2007 թվականից մինչ այժմ ավելի քան 160 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, տնկվել է 400 հազար խաղողի տնկի, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (10 հազար ծառեր` դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի և այլն):
Տիգրան Սարգսյանը շրջել է այգիներով՝ ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և արդյունքին:
ՀՀ կառավարության 2010թ. որոշմամբ «Գոլդն Գրեյպ Արմաս»-ին տրվել է ներդրումային ծրագրի շրջանակներում 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի 3 տարով երկարաձգման թույլտվություն:
Ընդհանուր ներդրումների ծավալը, սկսած 2007թ-ից, կազմել է 15 մլն եվրո: Այժմ ընկերությունը խաղողի մշակումից անցում է կատարել վերամշակմանը: Ներդրումների զգալի մասը (մոտ 7մլն եվրո) ուղղվել է գինու և կոնյակի գործարանի կառուցմանը, որի շինարարությունը մեկնարկել է 2010թ-ին:
2012թ. սեպտեմբերից նորակառույց գործարանը սկսել է խաղողի մթերման գործընթացն` ընդունվել է խաղող ինչպես ընկերության սեփական այգիներից (325տ), այնպես էլ տարբեր համայնքներից՝ Կոշ, Ագարակ, Ոսկեվազ, Նոր Եդեսիա, Սասունիկ, Արագածոտն, Շամիրամ (500տ), ընդունվել է նաև Եղեգնաձոր շրջանի Արենի տեսակի խաղող (50տ):
Հաշվի առնելով նոր գործարանի արտադրական կարողությունները՝ հաջորդ տարիների համար նախատեսվում է մթերման ծավալները հասցնել 3-6 հազ տոննայի:
Գործարանը հագեցվել է Granzotto իտալական արտադրության նորագույն սարքավորումներով: Ընկերությունն ԱՄՆ-ից ներկրել է նաև 1 մլն դոլար արժողությամբ բարձրակարգ գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա:
Ներկայում արդեն իսկ մեկնարկել են գինու շշալցման աշխատանքները և շուկա են ներկայացվել «ArmAs» անվանումով կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներ: Իսկ 3 տարի անց կներկայացվի նաև առաջին կոնյակը: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ոչ միայն ներքին շուկայում, այլև արտերկրում՝ ԱՄՆ, Եվրոպա, ՌԴ, Ուկրաինա:
Խաղողի և պտղատու այգիների առկայությունը նպաստում է նաև Արագածոտնի մարզի ընդհանուր զարգացմանը, քանի որ այսօր իսկ ընկերությունում աշխատում են շրջակա գյուղերի բնակիչները, հարյուրավոր ընտանիքներ էլ ստացել են իրենց հողատարածքները մշակելու հնարավորություն՝ վստահ լինելով, որ այսուհետ ստացված խաղողի բերքը կկարողանան մթերել նոր գործարանի պահանջները բավարարելու համար:
Ներկայում ընկերությունում աշխատում է ավելի քան 150 մարդ. նրանց մի մասը մշտական աշխատողներ են, իսկ մնացածը ներգրավված են սեզոնային աշխատանքներում՝ 100 հազ. դրամ աշխատավարձով:
Ընկերությունը նախաձեռնել է նաև ագրո զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր: Այդ նպատակով տարածքում կառուցվել է հյուրանոցային համալիր, որը գրեթե պատրաստ է շահագործման: Միաժամանակ հյուրերին հնարավորություն կընձեռվի զբոսնել խաղողի այգիներում, այցելել կոնյակի և գինու գործարան, դեգուստացիոն սրահ, տեսնել ողջ արտադրական գործընթացը, ծանոթանալ գինեգործության և կոնյակագործության ակունքների պատմությանն ու մշակույթին: