ԱՄՆ դեսպանի հետ վարչապետի հանդիպման վերաբերյալ կառավարության հաղորդագրությունը Արցախի վերաբերյալ ընդհանուր ձեւակերպումներ է պարունակում։ Այնինչ, Երեւանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ ավելի առարկայական ձեւակերպումներ կան․ «Միացյալ Նահանգները, նաև որպես Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված խնդիրների համապարփակ լուծման հարցում»։


Մոսկվան նյարդային է արձագանքել Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիեւ հանդիպմանը եւ պնդում է Պուտին-Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունների հիմքով «կարգավորման» վրա։ Բրյուսելի միջնորդությունը Մոսկվան գնահատել է որպես ռուսական կարգավորման պլանի յուրացման փորձ, աշխարհքաղաքական խաղեր։

Մոսկվայի նյարդայնության պատճառը ոչ միայն մենաշնորհի կորստի հեռանկարն է։ Արեւմտյան միջնորդությունը, ՄԽ արեւմտյան համանախագահների հայտարարություններն այս կամ այն կերպ շոշափում են հայկական շահերը, մասնավորապես Արցախի խնդրում։ Ռուսական «կարգավորման» պլանում հայկական շահերը ոչ միայն բացառվում են, ռուսական պլանն ուղղված է հայկական անկախ պետականության վերացմանը եւ թուրքերի հետ ՀՀ տարածքի վերաձեւմանը սահմանազատման անվան տակ։ Այս հանգամանքն արդեն դժվար է քողարկել «թուրք-ադրբեջանական տանդեմի» թիկունքում։

ՔՊ-ական իշխանությունը շարունակում է ծամածռությունները «խաղաղ օրակարգի» շուրջ, խորհրդարանի «ընդդիմությունը» երեւանյան փողոցներում շարունակում է պարբերաբար հավատարմության երդումները ռուսական պլաններին։

Անվտանգության եւ չկարգավորված խնդիրների վերաբերյալ արեւմտյան առաջարկները հնարավորություններ են, որոնք կարող են օգտագործվել ինքնիշխան որոշումների կայացմամբ եւ ազգային օրակարգի շուրջ համախմբմամբ։ ՔՊ-ական իշխանությունն ու խորհրդարանի «ընդդիմությունը» մրցում են, թե ով ավելի արժանապատիվ կիրականացնի ռուս-թուրքական համաձայնությունները։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/27/719714/