Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված, եթե նրանց կողմից չձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտեր: Թուրքիան արգելափակել է նրանց հայտերի ուսումնասիրման գործընթացը:

Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել այդ երկրների անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի բացակայության վերաբերյալ նրանց հավաստիացումներին:

«Թուրքիան ցանկանում է, որպեսզի այդ երկրներն աջակցեն հակաահաբեկչական գործողություններին, որոնք կանցկացվեն ՆԱՏՕ-ի անդամների կողմից: Ահաբեկչությունը սպառնալիք է բոլոր անդամ-պետությունների համար, և թեկնածու երկրները պետք է ընդունեն այդ փաստը՝ մինչ կազմակերպությանը միանալը: Եթե նրանք չձեռնարկեն անհրաժեշտ քայլեր, Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը նրանց անդամակցության հարցով»,-նշել է Էրդողանը The Economist-ի համար գրված իր հոդվածում: