ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն ասել է, որ սահմանազատման գործընթացում սեղանին դրվելու են բոլոր քարտեզները։ Հարցին, թե որ թվականի քարտեզներն են հիմք ընդունվելու, Հակոբյանը պատասխանել է․ «Տարբեր, ինչքան քարտեզ ունենք, դնելու ենք սեղանին»։

Այս պատասխանը հայկական կողմի ավանդական անլրջության ու անպատասխանատվության դրսեւորում է, ինչպես քաղաքական-քաղաքագիտական-մեդիա շրջանակներում մոդայիկ դարձած «ՀՀ ինքնիշխան տարածք» արտահայտությունը։ Եթե իհարկե մի կողմ դնենք դրա լիովին գիտակցված կիրառումը։ Այդ ժանրից է նաեւ առանց հիմքը ճշտելու «ինչքան քարտեզ ունենք՝ դնելու ենք սեղանին»-ով սահմանազատման գնալը։

Ո՞ր քարտեզների մասին է խոսքը, խորհրդայյի՞ն, ՌԴ գլխավոր շտաբի՞, որոնք իսկական ծուղակ են հայկական կողմի համար։ Թե՞ հայկական հանձնաժողովը պատրաստվում է իսկապես սեղանին դնել ունեցած բոլոր քարտեզները։ Օրինակ՝ Սեւրի, Ազգերի լիգայի քարտեզները, որոնք ի տարբերություն խորհրդային վարչական բաժանումների՝ միջազգային լեգիտիմություն ունեն եւ կարող են հիմք լինել։ Հայկական հանձնաժողովը պատրաստվո՞ւմ է սեղանին դնել նաեւ 1921-ի ռուս-թուրքական Կարսի պայմանագրի հարցը, որի իրավական առավելագույն ժամկետը լրացել է եւ որը Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական արշավի պատճառն է։ Այդ պարագային եւ այլ հանգամանքների ուժով առաջանում է Նախիջեւանը Հայաստանին վերադարձնելու հարցը (մանրամասն՝ այստեղ)։

Սահմանազատման հարցերով հայկական հանձնաժողովը քննարկե՞լ է այս եւ բազմաթիվ այլ խնդիրներ ու հանգամանքներ։ Խորհրդային քարտեզներով սահմանազատմամբ խնդիրը չի փակվելու, ինչպես փորձում են ներկայացնել ՔՊ-ական քաղկոմիսարները, որոնք հրապարակային-պաշտոնական ելույթներում գիտակցաբար նեղացնում ու խեղաթյուրում են բանակցությունների նյութը՝ հայկական հնարավորություններն ու շահերը հանձնելու ռուս-թուրքական պահանջների կատարմամբ։ Սեղանին նվազագույնը Արցախի ու Նախիջեւանի օտարման եւ Բաքվին պատկանելության օրինականացման հարցն է, որի պարագային իրականություն է դառնալու Մեղրիի արտատարածքային միջանցքը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/31/720501/