«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի նախկին մարզպետ ՔՊ-ական Մելիքսեթ Պողոսյանի որդին եւ մյուս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմները կարողացել են համաձայնության հասնել եւ հաշտվել: Ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 15-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան:

Այնուհետեւ հայտնի դարձավ, որ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, քանի որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել: Եվ, ահա, դեպքից գրեթե մեկ տարի անց կողմերին հաջողվել է համաձայնության հասնել, իսկ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն էլ փորձում են ամեն ինչ անել քրեական գործին ընթացք չտալու եւ այն դատարան չուղարկելու համար:


Հավելենք, որ այժմ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, իսկ նրա որդին ազատության մեջ է: Սա նշանակում է, որ իշխանության թիմում գտնվելու հանգամանքը կարող է քրեական գործ կոծկելու պատճառ հանդիսանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում