Դոնբասում ամեն օր մինչեւ 1000 ուկրաինացի զինվոր է սպանվում կամ վիրավորվում, օրական միջինում 200-ից 500 զոհ եւ էլ ավելի շատ վիրավոր: Այս մասին Axios-ին ասել է Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, ով գլխավորում էր ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի հետ բանակցություններում։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 1-ին ասել էր, որ օրական 60-ից 100 ուկրաինացի զինվոր է մահանում, քանի որ Ռուսաստանն ակտիվացնում է իր առաջխաղացումը դեպի Դոնբաս: Դավից Արախամիայի խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում այդ թիվը զգալիորեն աճել է։


Նրա խոսքով՝ Ուկրաինայում մեկ միլիոն մարդ է զորակոչվել բանակ եւ կա եւս երկու միլիոն մարդու հավաքագրելու հնարավորություն, ուստի «մենք ուժ ունենք՝ Դոնբասում պայքարը շարունակելու համար»։

Շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին, պատասխանելով ուկրաինացիների զոհերի մակարդակի մասին հարցին, ասել է, որ դժվար է գնահատել, սակայն ավելի վաղ մամուլում հայտնված հաղորդագրություններն օրական մոտ 100 սպանվածի եւ մինչեւ 300 վիրավորի մասին «մեր գնահատականների մակարդակին էին»։

Այն, ինչ պակասում է Ուկրաինային, նշել է Արախամիան, զենքն ու զինամթերքն է՝ Ռուսաստանին «21-րդ դարի ամենամեծ մարտերից մեկում» դիմակայելու համար: «Մեր բանակցային դիրքորոշումն իրականում բավականին թույլ է, ուստի մենք չենք ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե այդպիսի դիրքում ենք»:

Չորեքշաբթի գերմանական Մարշալի հիմնադրամում կլոր սեղանի ժամանակ Արախամիան եւ պատվիրակության այլ անդամներ նշել են, որ, չնայած Բայդենը մայիսին ստորագրեց Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, այն միայն աստիճանաբար է իրական զենքի մատակարարումների վերածվել:

Մինչդեռ Ուկրաինայի գործընկերները, հատկապես՝ Եվրոպայում, սկսում են կենտրոնանալ իրենց սեփական պաշարների համալրման վրա, այլ ոչ թե՝ Ուկրաինային զինելու, ասել է Արախամիան: Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը շարունակում է մեծ դժկամությամբ հաստատել Ուկրաինայի համար զենքի արտահանման լիցենզիաները՝ հավանաբար Ռուսաստանի հանդեպ «ներքին վախի» պատճառով։

Մինչ պաշտոնական բանակցությունները սառեցված են, Արախամիան հայտարարել է, որ ինքը եւ իր թիմը հեռախոսով զրուցում են ռուս գործընկերների հետ «շաբաթը մեկ կամ երկու անգամ»՝ ստուգելու համար, թեեւ «երկու կողմերն էլ պարզ հասկանում են, որ այս պահին բանակցություններ չեն կարող լինել»: