Արա Պապյանն ասում է, որ Փաշինյանը, առաջնորդվելով գորտի հայտնի օրինակով, բացահայտում է իր պայմանավորվածությունները՝ «մաս-մաս տալով և փաթեթավորելով, որ սրա ավելի վատ տարբերակը կարող է լինել, չներկայացնելով, թե ինչ այլընտրանքային հնարավորություններ կան»։


Մասնավորապես, խոսքը խորհրդարանում նրա վերջին ելույթի մասին է։ Փաշինյանը կիրառեց իր սովորական հնարքը՝ հղում անելով Արցախի հարցում իր նախորդների արած զիջումներին, այդպիսով իրականում բացահայտեց, թե ինքը ինչ պայմանավորվածությունների է գնացել եւ ինչ է սպասվում առաջիկայում։ Մասնավորապես, նա համաձայնել է Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածք։

Սահմանազատման, Մինսկի խմբի, Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության իրացման միջոցով կարգավիճակի հարցին դուրս գալու վերաբերյալ Փաշինյան-Միրզոյան-Գրիգորյան եռյակի հայտարարությունները «փաթեթավորումն» են ներքին լսարանի համար։ Ի՞նչ սահման, ի՞նչ Մինսկի խումբ։

Եւ երրորդ տարրը՝ շանտաժն ու սպառնալիքը․ եթե չհամաձայնենք, կկորցնենք ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը, քանի որ աշխարհում շատերն են ցանկանում Հայաստանի ոչնչացումը։ Երեւի շատերն են նկատել, որ Փաշինյանի նման հրապարակային ելույթներից հետո անմիջապես ծլում է Ալիեւը եւ «ամրապնդում» նրա խոսքերը Հայաստանի հասցեին սպառնալիքների նոր չափաբաժնով։ Այդպես եղավ նաեւ Փաշինյանի ելույթից հետո։

«Հաղորդակցությունների ապաշրջափակման» շուրջ վերջին քաշքշուկը հաստատում են Հայաստանի տարածքով միջանցքների վերաբերյալ Մոսկվա-Բաքու-ՀՀ կառավարություն համաձայնությունը։ Լավրովի՝ ՀՀ տարածքով անցնող ճանապարհներին «պարզեցված ռեժիմի ներդրման» վերաբերյալ հայտարարությունը դրա վկայությունն է։ Նկատենք՝ նման ռեժիմ չկա «ադրբեջանի» տարածքով ճանապարհներին։ Մնացյալը՝ Հայաստանով անցնող ճանապարհների հանդեպ ՀՀ ինքնիշխանություն, մաքսային ստուգումներ, հաղորդակցությունների բացում եւ այլն, կրկին «փոթեթավորումն» են։


Իրականում, «հաղորդակցությունների ապաշրջափակումը» Հայաստանի լիակատար մեկուսացումն է արտաքին աշխարհից՝ ճանապարհների վրա ռուս-թուրքական վերահսկողությամբ։ Սրանից բխում է, որ Փաշինյանն առաջիկայում «մաս-մաս բացահայտելու» շրջանակում խոսելու է նաեւ այլ ճանապարհների մասին, մասնավորապես՝ Վրաստանի հետ ճանապարհների համատեքստում, Գեղարքունիքում, Տավուշում եւ հնարավոր է Լոռիում «պարզեցված ռեժիմի ներդրմամբ»։ ՀՀ տարածքում Բաքվի զինվորականների առաջխաղացման եւ ռուսական ուղեկալների տեղակայման Մոսկվա-Բաքու համաձայնեցված գործողությունների տեղանքները համապատասխանում են այս պլաններին։

Սա ամբողջը չէ, հերթը դեռեւս հասնելու է Հայաստանի տարածքի մեծ կտորների օտարմանը, այդ թվում Շիրակի ու Լոռու մարզերում։ Զարմանալի՞ է՝ հետեւեք վրաց-ռուսական ծիրում զարգացումներին։ Եթե այս ընթացքը շարունակվի, այլ հանգամանքներ էլ են ի հայտ գալու։

Փաշինյանն իսկապես չի խոսում այլընտրանքային հնարավորությունների մասին, ոչ միայն չի խոսում, այլեւ փորձում է ներկայացնել, որ այդպիսիք չկան՝ «աշխարհում բոլորն ուզում են մեր կործանումը»։ Աշխարհում բոլորը բոլորի կործանումն են ուզում, պարզապես ոմանք հանձնվում են, ոմանք էլ զբաղվում են նրանով, ինչը կոչվում է ինքնիշխան քաղաքականություն՝ բնական դաշնակիցների շրջանակով անվտանգություն ապահովելով։ Փաշինյանը դա չի անում եւ հրաժարական էլ չի տալիս, ինչը նշանակում է, որ նա գիտակցված հրաժարվել է իր սահմանադրական պարտավորություններից, այդպիսով՝ զուրկ է լեգիտիմությունից։

Նյութի աղբյուր՝  https://www.lragir.am/2022/06/17/723666/