«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 27-ի ԱԺ արտահերթ նիստով համալրվելու են վճռաբեկ դատարանի թափուր տեղերը։ ԲԴԽ-ն 10 տեղի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկի վարչական պալատի դատավորի 1 տեղի համար պայքարող 3 թեկնածուից ՔՊ-ն ընտրելու է ոչ թե իրենց հավատարիմ Արամ Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանին, այլ՝ Լիանա Հակոբյանին։ Նա այն դատավորն է, որը հետ էր վերադարձրել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վարչական բողոքը՝ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի դեմ։

Գասպարյանը պահանջել էր՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանագիրն առոչինչ ճանաչել, դատավորն առաջարկել էր՝ կա՛մ փոխել պահանջը, կա՛մ իր որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում։ Հետո վերաքննիչը բավարարել էր բողոքը եւ հիմնավոր չէր համարել դատավոր Լիանա Հակոբյանի եզրահանգումը։


Ի դեպ, ներկայացված է նաեւ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը։ Երեկ երեկոյան ՔՊ խմբակցության նիստում պատգամավորներին ասվել է, թե ում պետք է ընտրեն։ Չի բացառվում, որ արտահերթի օրակարգ խցկեն նաեւ «Պաշտպանության մասին» օրենքում աղմկահարույց փոփոխությունների փաթեթը եւ այլ նախագծեր։ Սրանով արտահերթերը չեն սպառվում, չի բացառվում, որ հուլիսի սկզբներին եւս երկու արտահերթ նիստ հրավիրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում