Հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի և գալու արտահանման արգելքի վերաբերյալ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ցորենի և գարու (արտահանման) արգելքի մասին կառավարության որոշման մեջ որևէ փոփոխություն չի մտցվել, համապատասխանաբար, այն այսօրվանից մտել է ուժի մեջ»,- նշել են կառավարությունում: Վրաստանի իշխանությունները ցորենի և գարու արտահանման արգելք սահմանելու որոշումն ընդունել են հունիսի վերջին: Արգելքը կգործի մինչև 2023 թվականի հուլիսը:

Կառավարության որոշումը չի արգելում հանրապետությունից արտահանել Վրաստանում արտադրված եգիպտացորենը: Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2021 թվականին հանրապետությունն ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն է արտահանել Հայաստան (365 հազար դոլարի), 49 տոննա՝ Թուրքիա (16 հազար դոլարի) և 40 տոննա՝ Ուկրաինա (10 հազար դոլարի): 2021 թվականին Վրաստանում աճեցված ցորենի ընդհանուր ծավալը կազմել է 136,1 հազար տոննա, ինչը 32,9 տոկոսով ավել է, քան 2020 թվականին: Վրաստանը տարեկան սպառում է մինչև 650 հազար տոննա ցորեն: Հանրապետությունն ինքն իրեն ապահովում է սոսկ 15 տոկոսով:

Մնացածը ներմուծում է, որի ավելի քան 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ապրիլին Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա տարիներին պլանավորում են աճեցվող ցորենի ծավալը մեծացնել սպառվող քանակի 15 տոկոսից մինչև 50 տոկոս: Գարին, ինչպես ավելի վաղ նշել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, այս պահին արտահանվում է Իրաք և Իրան: Ընթացիկ տարում հանրապետությունում մտադիր են հավաքել 60 հազար տոննա գարի, այդ արտադրանքի ավելի քան 2,5 հազար տոննան արդեն ուղարկվել է արտահանման: