ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ Ճապոնիան ակտիվացնում է ռեւանշիստական ձգտումները Կուրիլյան կղզիների հանդեպ։ Այս մասին նա ասել է Հեռավորարեւելյան դաշնային օկրուգում ազգային անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հեռավորարեւելյան օկրուգի սահմանամերձ տարածքում իրադրությունը ձեւավորվում է Արկտիկական եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ռազմական ներկայության ավելացման, Կուրիլյան կղզիների նկատմամբ Ճապոնիայի ռեւանշիստական նկրտումների ակտիվացման, նոր ռազմական դաշինքների ստեղծման պայմաններում»,- ասել է Պատրուշեւը։


Մարտին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան ներկա պայմաններում մտադիր չէ շարունակել խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները Տոկիոյի հետ՝ ճապոնիայի կողմից պատժամիջոցներ մտցնելու պատճառով։

Ռուսաստանը եւ Ճապոնիան երկար տարիներ չեն կարողանում խաղաղության պայմանագիր կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Կուրիլյան կղզիների պատկանելության հարցի պատճառով։ Ճապոնական կողմի կարծիքով՝ իրեն են պատկանում Իտուրուպ, Շիկոտան, Կունաշիր երեք կղզիները եւ Հաբոմայի կղզեխումբը։ Մոսկվայի կարծիքով՝ այդ տարածքներն իրենն են։ Մոսկվան չի ճանաչում անգամ տարածքային վեճի փաստը։