Ժամանակին Հայաստանի ՆԳՆ-ն վերակազմավորվել է կառավարությանն առընթեր Ոստիկանության ծառայության, սակայն որոշումը, որի հիման վրա դա իրականացվել է, ցույց է տվել, որ այդ քայլը զուտ ժամանակավոր բնույթ է կրում։ Միաժամանակ, Ոստիկանությունը գործնականում պահպանել է ՆԳՆ կառուցվածքը, ճիշտ է՝ չնչին շեղումներով։ Այս մասին Ազգային ժողովում հուլիսի 12-ին ՆԳՆ կազմավորման քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Նրա խոսքով, ուսումնասիրվել է 30 երկրների փորձը։ Արդյունքում չի հայտնաբերվել մի դեպք, երբ ոստիկանությունը չի ենթարկվել որեւէ «քաղաքացիական նախարարության»։ Հիմնականում խոսքը ՆԳՆ ենթակայության մասին է եղել։ Սակայն ՆԳՆ ստեղծման ամենածանրակշիռ հիմնավորումը, ինչպես նշեց գլխավոր իրավապաշտպանը, ներքին կարիքն է, որը ներկայումս Հայաստանում կա։ «Ներքին անվտանգության հարցերը չպետք է արտաքին անվտանգության մարտահրավերներից առանձին դիտարկվեն: Անվտանգության այն առանձնահատուկ մթնոլորտը, որը ձեւավորվել է 44-օրյա պատերազմից հետո եւ շարունակվում է մինչ օրս, ուղղակիորեն կթելադրի ՆԳՆ ձեւավորման սկզբունքները»,- համոզված է Գրիգորյանը։


Օմբուդսմենը, մասնավորապես, կարծում է, որ բարեփոխումը հանրային շահերի պաշտպանության առումով կարող է ապահովել 4 բարենպաստ գործոն։ Սակայն այն նաեւ ռիսկեր է պարունակում։ Խոսելով դրական կողմերի մասին՝ Մարդու իրավունքների պաշտպանը մատնանշեց ոստիկանության գործողությունների նկատմամբ խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ապահովումը, ինչպես նաեւ այս ոլորտի ձեռքբերումների եւ ձախողումների համար քաղաքական պատասխանատվության առկայությունը։ «Ներքին գործերի նախարարի առկայությունը կհանգեցնի նրան, որ Ոստիկանությունը մի կողմից պաշտպանված կլինի քաղաքական ճնշումից, այդ թվում՝ լրատվամիջոցների քաղաքականացված հարձակումներից, իսկ մյուս կողմից՝ կվերահսկի Ոստիկանության գործողություններ համապատասխանությունը իրավական նորմերին եւ դրա համար կոնկրետ քաղաքական պատասխանատվություն կկրի»,- պարզաբանեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նա նշեց, որ նոր նախարարությունը չի գործելու որհրդային ՆԳՆ-ի չափանիշներով։ Նոր նախարարության աշխատակիցները հիմնականում կլինեն քաղաքացիական ծառայողներ, որոնք պատշաճ վերահսկողություն կապահովեն ոստիկանների գործողությունների նկատմամբ, ինչպես դա տեղի է ունենում բոլոր ժողովրդավարական երկրներում։

«Ներքին գործերի նախարարության առկայությունը նշանակում է խորհրդարանական վերահսկողություն՝ առկա բոլոր մեխանիզմներով։ Քաղաքացիական վերահսկողությունը եւ օմբուդսմենի վերահսկողությունը շատ ավելի հեշտ է իրականացնել քաղաքացիական կառույցի առկայության դեպքում, քան մասնագիտացված ապաքաղաքական կառույցի դեպքում: Կլուծվի նաեւ այս ոլորտում քաղաքականության մշակման հետ կապված հարցը»,- եզրափակեց Քրիստինե Գրիգորյանը։