Այսօր ամենաշատ խնդիրները հայ արտահանողներն ունեն։ Իսկ դրանց մասշտաբները դժվար է նկարագրել։ Այս մասին հուլիսի 14-ին ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։

Նրա խոսքով՝ հազարավոր աշխատակիցներ ունեցող խոշոր ընկերությունները եւ գործատուները դադարեցնում են զարգացման իրենց ծրագրերը, ինչը կարող է հանգեցնել վաղաժամ ռեցեսիայի:


Փոխնախարարը նշեց նաեւ, որ հարցի լուծում կարող է դառնալ արտահանող ընկերություններին պետական սուբսիդիաների տրամադրումը։

«Եթե դոլարի փոխարժեքը նվազել է մոտ 100 դրամով, ապա կնքված պայմանագրերի արժեքը պետք է սուբսիդավորվի մեկ դոլարի դիմաց առնվազն 50 դրամ բանաձեւով։ Այնպես որ, կա՛մ սուբսիդավորում ենք, կա՛մ իջեցնում ենք դրամի փոխարժեքը»,- առաջարկեց Իսպիրյանը՝ հավելելով, որ նախաձեռնության հեղինակը ոչ թե ինքն է, այլ էկոնոմիկայի նախարարությունը։

Նա խորհրդարանում քննարկմանը ներկա գործընկերներին հորդորեց խնդրին շուտափույթ լուծում տալ, քանի դեռ Հայաստանում գործազրկության կրճատումը կրկին աճի չի վերածվել։