«Հրապարակ»-ը գրում է. «Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, որն արդեն երեք տարի է՝ գտնվում է փախուստի ու հետախուզման մեջ, շարունակում է տնօրինել ժամանակին իր կողմից սեփականաշնորհված «Հայարդնախագծի» շենքը, որը տարիներ շարունակ տրամադրել է պետական որոշ մարմինների, այդ թվում՝ ֆինանսների նախարարությանը։ Այսինքն՝ քրեական հետապնդման և հետախուզման մեջ գտնվող նախկին նախարարը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ, շարունակում է պետության հաշվին գումար ստանալ։ Մենք տեղեկացանք, որ ժամանակին պետությունից սեփականաշնորհված շենքն այս պահին տիրություն է անում Արամ Հարությունյանի եղբայրը, որն անգամ որոշ խնդիրներ է առաջացնում՝ շենքի դիմացի ավտոկայանատեղիում այլ պետական կառույցների աշխատակիցների մեքենաների կայանման հետ կապված։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանից օրերս հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է այժմ այս շենքի հարցում, ում է պատկանում այն և ինչ ճակատագիր է ունենալու։ «Էնտեղ սեփականատիրոջ փոփոխություն, որքանով ես տեղյակ եմ, տեղի չի ունեցել։ Էս մասով, եթե չեմ սխալվում, կա նաև հարուցված քրեական գործ, այսինքն՝ այստեղ հարցն իրենց է ուղղված, մեր մասով չէ»,- ասաց Առնակ Ավետիսյանը։ Փորձեցինք ճշտել՝ այսինքն, հիմա Արամ Հարությունյանը շարունակո՞ւմ է տնօրինել այդ շենքը։ «Որքանով տեղյակ եմ՝ իրենց հետ փոխկապակցված ընկերությանն է պատկանում դեռ, բայց կան իրավական գործընթացներ, որոնց վերաբերյալ հիմա չեմ կարող ինֆորմացիա փոխանցել»,- ասաց նա»:

Մանրամասները՝ թերթի համարում: