ԵՄ-ն ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունները հարթելու ուղղությամբ։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

«Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել ենք ավելի լայն տարածաշրջանային խնդիրներ եւ բարիդրացիական հարաբերություններ, մասնավորապես, Հայաստանի հետ։ Այս առումով, ես ողջունում եմ Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ անցյալ շաբաթ Թբիլիսիում, եւ շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այս հանդիպման մասին տեղեկատվություն տրամադրելու համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին եւ ակտիվորեն աշխատում է տարաձայնությունները հարթելու ուղղությամբ»,-ասվում է Բորելի հայտարարության մեջ:


Նա նշել է, որ Ադրբեջանը կարեւոր գործընկեր է Եվրամիության համար, եւ համագործակցությունն ակտիվանում է։

Նա նաեւ խոսել է ակտիվ քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայր ստեղծելու եւ մարդու իրավունքները հարգելու կարեւորության մասին։