Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոց-ամառային ճամբարի վերնորոգման աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարվա հոկտեմբերին:

Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցուն պատկանող ճամբարի տարածքում նախատեսվող լայնածավալ շինաշխատանքներին կաջակցի ամերիկահայ բողոքական եկեղեցիների միությունը:

Հաղորդվում է, որ ճամբարի տարածքում կառուցվելիք նոր համալիրն ունենալու է 100 երեխայի տեղավորելու հնարավորությամբ կացարան, մշակութային կենտրոն, ճեմասրահ, գրադարան, համընդհանուր սրահներ և լսարան:

Նախօրեին միության նախագահ Զավեն Հանջըյանի ու վերջինիս տիկկնոջ հետ «Քամփ Արմենի» տարածք են այցելել, Գեդիկփաշայի բողոքական եկեղեցու հիմնադրամի ներքո գործող Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտները:

Հանջըյանը նշել է, որ «Քամթ Արմենի» համար միավորվել են հայ կաթոլիկ, բողոքական ու ուղղափառ համայնքները ու ավելացրել. «Ցանկանում ենք, որ այստեղ «Քամփ Արմեն» անվանը համապատասխան տեղ լինի»:

Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: