Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թարգմանիչը բողոք է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ Թուրքիայի ղեկավարի անձնական թարգմանչի մասին նրա խոսքերի պատճառով, հայտնում է T24 լրատվական կայքը։

Ֆաթիմա Գյուլհամ Աբուշանաբը, ով Էրդողանին ուղեկցում էր բարձր մակարդակի դիվանագիտական ​​հանդիպումներին, այդ թվում՝ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ 2021-ի հունիսին, բողոք է ներկայացրել Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդի այն խոսքերի հետ կապված, որ Աբուշանաբի երիտասարդությունն ու անփորձությունը Թուրքիայի նախագահի կողմից օգտագործվում են իր գործերը գաղտնի պահելու համար:


«Ամեն անգամ, երբ Էրդողանն այդ աղջկան իր հետ որպես թարգմանիչ դիվանագիտական ​​հանդիպումների էր տանում, կա՛մ միլիոնավոր անօրինական ապաստան հայցողներ էին մտնում մեր երկիր, կա՛մ նրանք ստիպում էին մեր պետությանը շատ բարձր գնով պայմանագրեր կնքել»,- գրել է Քըլըչդարօղլուն հունիսի 15-ին՝ նկատի ունենալով Աբուշանաբին։

Աբուշանաբի փաստաբան Սեզգին Թունչի կողմից սոցցանցերում տարածված բողոքում ասվում է, որ Քըլըչդարօղլուի խոսքերը ոտնահարում են թարգմանչի անձնական իրավունքները եւ կոչ է անում դատախազությանը գործ հարուցել ընդդիմության առաջնորդի դեմ՝ սպառնալիքների, ատելության եւ խտրականության, հանրային պարտքի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով, հայտնում է T24-ը:

Աբուշանաբը նախկին պատգամավոր, Կուալա Լումպուրում Թուրքիայի ներկայիս դեսպան Մերվե Քավաքչիի դուստրն է։ Քավաքչին 1999-ին ընտրվել էր իսլամիստական ​​«Առաքինություն» կուսակցությունից որպես գլխաշոր կրող առաջին կին պատգամավորը, սակայն այն ժամանակվա վարչապետ Բյուլենթ Էջեւիթը եւ այն պատգամավորներ, որոնք նրա իսլամական գլխաշորը որպես վնաս էին համարում Թուրքիայի աշխարհիկ իշխանությանը, թույլ չտվեցին նրան երդում տալ Թուրքիայի խորհրդարանում:

Քննադատները կասկածի տակ են դրե Էրդողանի կողմից Աբուշանաբի՝ որպես թարգմանիչ ընտրությունը՝ հայտարարելով, որ թուրք առաջնորդն օգտվել է թարգմանչական հմտությունների եւ համաշխարհային գործերի մասին նրա գիտելիքների պակասից:

Քըլըչդարօղլուն նշել է, որ Էրդողանին կարեւոր հանդիպումներին պետք է ուղեկցեն ԱԳՆ պաշտոնյաները, այլ ոչ թե դիվանագիտական ​​փորձ չունեցող երիտասարդ թարգմանիչը։

Աբուշանաբը մագիստրոսի կոչում է ստացել Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի ազատական ​​հետազոտությունների ոլորտում եւ 2019-ին Թուրքիայի նախագահական պալատում որպես միջազգային հարաբերությունների փորձագետ է նշանակվել, գրում է Ahval-ը: