Ադրբեջանում Իսրայելի եւ Իրանի դեսպանների շուրջ սոցիալական ցանցերում տարօրինակ դիվանագիտական սկանդալ է տեղի ունենում։ Այս մասին հայտնում է Turan-ը։

«Սկանդալը սկսվել է հուլիսի 20-ին այն բանից հետո, երբ Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը թվիթերում գրել է Թավրիզի վերաբերյալ իրեն նվիրած գրքի մասին, որը պատմում է Ադրբեջանի պատմության եւ Իրանի հյուսիսում գտնվող այս քաղաքի մշակույթի մասին:


Այդ թվիթն առաջացրել է Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի բուռն արձագանքը, որը սպառնալիքներ է հնչեցրել Իսրայելի դեսպանի հասցեին»,- գրում է թերթը։ «Ըստ ամենայնի, այս ԱՌԱՋԻՆ Չար Սիոնիստը կթաղվի Թավրիզի նախանձախնդիր ժողովրդի կողմից։ Երբեք մի հատեք մեր կարմիր գիծը»,- գրառման մեջ նշել է Ադրբեջանի դեսպանը։

Այսօր հայտնի է դարձել Թեհրան Իրանի դեսպանի մեկնելու եւ արտգործնախարար Աբդոլլահիանի հետ հանդիպման մասին։ Իրանական կողմի տեղեկություններով՝ դեսպանին հանձնարարվել է էլ ավելի «ամրապնդել» հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Ամենայն հավանականությամբ, Թեհրանը համարել է, որ այն փաստի անտեսումը, որ Թավրիզը ադրբեջանական մշակույթի կենտրոններից մեկն է, կծառայի Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունների ամրապնդմանը։

Միեւնույն ժամանակ Twitter-ում արշավ է սկսվել՝ ի պաշտպանություն Իսրայելի դեսպանի եւ Թավրիզի պատմության մասին գիրք գնելու կոչերի։ Միաժամանակ իրանական կողմի գործողությունները գնահատվում են որպես «վիրավորանք դիվանագիտությանը»։

Թավրիզը Հարավային Ադրբեջանի կենտրոնն է, որի հիմնական բնակչությունը ադրբեջանցիներ են։ Իրանում ապրում է մոտ 30 միլիոն էթնիկ ադրբեջանցի»,- գրում է թերթը։

Այսպիսով, Ադրբեջանում արդեն բավականին բացահայտ հնչում են տարածքային պահանջներ Իրանի նկատմամբ։ Նշենք, որ Ադրբեջանն ինքը հեռահար նպատակներով է կոչվել իրանական նահանգի անունով։