«Ժողովուրդ» թերթը գրում է. ,Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել դատավոր Նաիրա Հովսեփյանը: Ուշագրավ է, որ դատական համակարգի՝ մշտապես աղմուկ բարձրացրած, ճնշումների մասին խոսող դատավորները չեն եղել երեկվա ժողովին:

«Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ չկային Զարուհի Նախշքարյանը, Մխիթար Պապոյանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին եւ այլք, այսինքն՝ մշտապես դատական համակարգի վրա գործադրվող ճնշումների մասին բարձրաձայնող դատավորները բոկոտել էին նիստը:


Հետաքրքիր է, որ չէին եկել նաեւ աղմկահարույց գործեր քննող դատավորները: Նրանց թվում են դատավորներ Արման Դանիելյանը եւ Մնացական Մարտիրոսյանը: Ըստ էության, դատական համակարգը բաժանվել է երկու մասի, եւ այդ մասերի բաժանված դատավորների խմբերը ներկա չէին ժողովին. չէին եկել եւ ճնշումների մասին բարձրաձայնող դատավորները, եւ ճնշումների ենթարկված, աղմկահարույց գործեր քննող դատավորները:

Գուցե վերջինների դեպքում պատճառն այն է, որ լրագրողների հնարավոր հարցերից խուսափեն: Ամեն դեպքում, ունենք մի իրավիճակ, երբ դատական համակարգում կրկին մտահոգիչ իրավիճակ է, եւ ոլորտի կարեւորագույն իրադարձությանը ոչ բոլորն են ներկա գտնվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում