Հարավչինական ծովում Չինաստանի ագրեսիվ պահվածքի ավելացումը կարող է ի վերջո «խոշոր միջադեպի» հանգեցնել տարածաշրջանում: Այս մասին Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի համաժողովին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ հնդխաղաղօվկիանոսյան անվտանգության հարցերով օգնական Էլի Ռաթները, հայտնում է BI-ն։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Պեկինը համատեղում իր աճող ռազմական հզորությունը ռիսկի դիմելու ավելի մեծ պատրաստակամության հետ»,- ասել է նա: «Վերջին ամիսներին մենք չինական նավերի եւ օդանավերի կողմից ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ վարքագծի կտրուկ աճի ականատես եղանք, որոնց ներգրավված են ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ տարածաշրջանում գործող դաշնակիցների ուժերը»,- հավելել է նա:


Նրա խոսքով՝ վերջին հինգ տարվաընթացքում Հարավչինական ծովի վրայով չինական կործանիչների «ոչ անվտանգ» որսումները «կտրուկ աճել են», քանի որ միայն 2022-ին տասնյակ «վտանգավոր» միջադեպեր են տեղի ունեցել»,- ասել է նա:

Նա մասնավորապես հիշեցրել է Կանադայի եւ Ավստրալիայի վերջին պնդումներն առ այն, որ չինական ինքնաթիռները սովորական առաջադրանքներ կատարելիս «վտանգավոր» որսումներ էին կատարում իրենց ինքնաթիռների մոտ:

Ռաթներն ասել է, որ «դրանք առանձին միջադեպեր չեն»՝ հավելելով, որ Չինաստանի «ագրեսիվ եւ անպատասխանատու պահվածքն» «այսօր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամենալուրջ սպառնալիքներից մեկն է»։

Նա նշել է, որ եթե Չինաստանը շարունակի վարքագծի այս մոդելը, ապա «խոշոր միջադեպը միայն ժամանակի հարց է»։