Հուլիսի 24-ի կեսօրին ոստիկանության Նաիրիի բաժնում տարածքային փրկարարական ծառայությունից ստացվել էր հաղորդում, որ Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի մի տան երրորդ հարկից ծուխ է բարձրանում: Մեկնած փրկարարներին բնակիչը հայտնել էր, թե հրդեհն առաջացել է հեռախոսի լիցքավորիչից: Սակայն Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները երկու օր անց ստացան տեղեկություն, որ լիցքավորիչը հրդեհի հետ ոչ մի կապ չունի: Հետագա միջոցառումներով իրավապահներն ամբողջացրին կատարվածի պատկերը:

Հուլիսի 24-ին, առավոտյան ժամը 10-ին, տուժողների 48-ամյա հարևանուհին, օգտվելով տանտերերի բացակայությունից, բանալիով բացել էր հարևանի դուռը և հեռուստացույցի վրայից գողացել դրամապահոցը: Թղթե և մետաղյա դրամներով այնտեղ եղել էր 60 հազար դրամ:

Այնուհետև կից դաշտամիջյան հատվածում կոտրել է դրամապահոցը, վերցրել գումարն ու վերադարձել: Իսկ մոտ երկու ժամ անց, փորձելով թաքցնել գողության հետքերը, կրկին մտել էր հարևանի տուն ու փորձել հրկիզել այն: Բանալին էլ նետել էր աղբարկղը: Բարեբախտաբար, հարևանները շուտ էին նկատել ծուխն ու ահազանգել հրշեջ-փրկարարներին: Հրդեհը հաջողվել էր արագ մարել, սակայն տանտիրոջը հրկիզման պատճառով հասցվել էր ևս 400 հազար դրամի վնաս:

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների տեղեկություններվ՝ 48-ամյա կինը հարևանի տանն օրեր առաջ սուրճ էր խմել, այդ ընթացքում էլ բանալիների խրձից աննկատ վերցրել էր մուտքի դռան բանալին։
48-ամյա կինը ներկայացվել է տարածքային քննչական մարմնին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: