Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում, Շիրակի եւ Լոռիի մարզերում «Գլենդել հիլզ» ընկերության կողմից կատարվող շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի ղեկավարությամբ կայացել է խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում համայնք առ համայնք ներկայացվել են շինարարության տարբեր փուլերում գտնվող, արդեն կառուցված եւ առաջիկայում կառուցվող բնակարանների եւ բնակելի տների շինարարության ընթացքին առնչվող խնդիրները:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել «Մուշ-2» թաղամասի բնակարաններում գազի կաթսաների խնդրին` տեղեկացվել է, որ դրանց տեղադրման համար ձեռնարկվել են լրացուցիչ ապահովության միջոցներ: Նախարար Ս. Թադեւոսյանը հաշվի առնելով տարածաշրջանի բնակլիմայական պայմանները, խստորեն զգուշացրել է կաթսաների տեղադրման եւ շինարարական աշխատանքների արագացման առնչությամբ:

Միաժամանակ, նախարարը շեշտել է, որ շինարարության հետագա ընթացքին հետեւելու եւ շինաշխատանքների հետ կապված խնդիրները տեղում դիտարկելու նպատակով այս շաբաթվանից սկսած, իր գլխավորած աշխատանքային խումբը պարբերաբար այցելություններ է կատարելու այն համայնքներ, որտեղ այս ծրագրի շրջանակներում «Գլենդել հիլզ» ընկերությունը աշխատանքներ է կատարում: